News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Այսուհետ հայաստանյան 8 բուհեր ունենալու են շրջանավարտների տվյալների բազա, որով նրանք մեկ քայլ ավելի մոտ կլինեն գործատուին:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկել է երկօրյա դասընթաց, որի մասնակիցները Եվրոպական միության եւ «TEMPUS»-ի համաֆինանսավորմամբ իրականացվող «HEN GEAR» ծրագրի մասնակից հայկական 8 բուհերի, այդ թվում` ԵՊՀ-ի ներկայացուցիչներն էին:

ԵՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում բուհերն իրենց համար կստեղծեն շրջանավարտների տվյալների բազա, որը հասանելի կլինի գործատուներին ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:

Նշենք, որ ԵՊՀ-ում ծրագրի իրականացմանը մասնակցելու են Միջազգային համագործակցության վարչությունը, Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման եւ զարգացման վարչությունը, Ուսումնամեթոդական վարչությունը, 7 ֆակուլտետներ եւ այլ ստորաբաժանումներ:

«HEN GEAR»-ի մանրամասները հայաստանյան բուհերի` շրջանավարտների գծով պատասխանատուներին ներկայացնելու էին եկել իտալական Alma Laurea համալսարանի կոնսորցիումի մասնագետները: Alma Laurea համալսարանի կոնսորցիումի անդամ են 64 համալսարաններ: Այնտեղ ծրագիրը ներդրվել է 2 տարի առաջ, սակայն բուն համակարգը Իտալիայում գործում է դեռեւս 1994 թ-ից:

«Այս նախագծի նպատակն է ապահովել հայաստանյան համալսարանների մասնակցությունը միջազգային պլատֆորմի ստեղծմանը: Փորձելու ենք օգնել համակարգի ներդրմանն ու տեղայնացմանը»,- ասում է ծրագրի միջազգային կապերի պատասխանատու Մատեոս Գարդին:

Բազաները ձեւավորվում են շրջանավարտների լրացրած հարցաթերթիկների հիման վրա: Իտալիայում կիրառվող հարցաթերթիկներն արդեն հարմարեցվել են հայկական չափանիշներին, եւ արդեն այս տարվա հոկտեմբերից բազան կարող է համալրվել դրանցով: Տվյալների բազան հասանելի կլինի այն ձեռնարկություններին կամ անհատներին, ովքեր բուհի տվյալ ոլորտը համակարգող կառույցի հետ համաձայնություն ձեռք կբերեն:

Պարոն Գարդին ասում է, որ բուհերն են որոշում` այդ հարցաթերթիկները լրացնելը կլինի պարտադիր, թե ըստ ցանկության, սակայն ամեն տարի բազայում պետք է լինեն շրջանավարտների գոնե 90 տոկոսի տվյալները: Ծրագիրն իրականացվելու է մինչեւ 2015 թ-ը, սակայն բուհերն այդ բազաները կարող են օգտագործել նաեւ հետագայում` դրանք պարբերաբար թարմացնելով:

Ծրագրին, ԵՊՀ-ից բացի, հայաստանյան բուհերից մասնակցում են ՀՊՏՀ-ն, ՀՊՃՀ-ն, ՀՊՃՇՀ-ն, Հայաստանի պետական ագրարային, Գավառի պետական, Գյումրու պետական մանկավարժական համալսարանները եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: Յուրաքանչյուրն ունենալու է իր բազան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել