News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռոզալիա Աբգարյանը պատերազմի վետերան է եւ հանրապետության վաստակավոր ուսուցիչ: Ռազմաճակատում եղել է 1941թ. օգոստոսից: Զորացրվել է 1945-ի դեկտեմբերին: Իր հիշողություններով Ռոզալիա Աբգարյանը կիսվեց  NEWS.am–ի թղթակիցի հետ:

«Ինչպես բոլորը,  ովքեր առաջին գծում էին, ես եւս կրեցի պատերազմի ողջ դժվարությունը, գիտեմ ինչ է նշանակում պատերազմ, այդ պատճառով ասում եմ ոչ պատերազմին: Թող երկինքը խաղաղ լինի, խաղաղություն լինի ամենուր եւ  յուրաքանչյուր ընտանիքում»,- մինչ պատմությունն սկսելը` ասաց վետերանը:

Ռոզալիայի պատերազմ գնալու որոշման մասին ծնողները չգիտեն մինչեւ վերջին պահը. «Ես շատ ակտիվ էի, դպրոցում բացարձակ գերազանցիկ էի, կոմերիտական կազմակերպության քարտուղար, շատ էի սիրում իմ երկիրը եւ այնպես արեցի, որ համադասարանցիներս նույնպես կամավոր զինվորագրվեն: Մենք երեք քույր էինք, եղբայր չունեինք, եւ ինչ-որ մեկը պետք է պաշտպաներ հայրենիքը, ու ես գնացի»:

Մինչ ռազմաճակատ մեկնելը նա ռադիոհեռագրողի դասընթացներ է ավարտում: Մասնակցել է Ստալինգրադի մատույցներում մղվող մարտերին, վիրավորվել է: Վետերանի խոսքով`պատերազմի ժամանակ ամենաահավորը նահանջելն է. «Տառապում ենք ոչ միայն ֆիզիկապես, այլ բարոյապես, քանի որ թողնում ենք հողը»:

«1943թ. սեպտեմբերին ազատագրվեց Նովոռոսիյսկը, եւ արդեն մեզ չէին հետապնդում, մենք էինք հետապնդում: Իմ մարտական ուղին բավականին երկար է եղել: Մասնակեցել եմ Կիեւի, Ուժգորոդի, Մուկաչեւի, չեխական  քաղաքների ազատագրմանը: Պատերազմն ավարտել եմ Պրահայում: Ի դեպ,  պրահացիներին սպառնացող վատանգի մասին ռադիոհեռագիրը ես եմ ընդունել»,-պատմեց Ռոզալիա Աբգարյանը:

Պատերազմից հետո նա ամուսնացել է` նույնպես ռազմաճակատայինի հետ, եւ շարունակել է ուսումը: Ավարտել է Պետհամալսարանը,  աշխատանքի 56 տարվա ստաժ ունի, հանրապետության վաստակավոր ուսուցիչ է:

«Մեծ ափսոսանք է առաջացնում այն, որ այնպիսի հզոր, ուժեղ երկիրը, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, փլուզվեց: Այն ժամանակ մեզնից վախենում էին, հարգում էին, մեզ հետ հաշվի էին նստում: Իսկ հիմա յուրաքանչյուրն իր փոքրիկ թագավորությունում ամուր պահում է գահը, սակայն նախկին ուժը չկա: Այն ժամանակ մենք ապրում էին մի տան մեջ, եւ ոչ ոք երբեք մատնացույց չէր  անում հրեային, հային, վրացուն, ռուսին, ուզբեկին. բոլոր ազգերը հավասար էին, եւ մենք հավասարապես էինք պաշտպանում մեր երկիրը, քանի որ մենք սիրում էինք մեր երկիրը եւ չէինք ուզում, որ այն ուրիշի ոտքի տակ լինի:  Մենք բոլորս գնացինք ռազմաճակատ, պաշտպանեցինք մեր հայրենիքը: Սակայն երիտասարդության տարիներին մենք հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունեինք, իսկ հիմա, երբ ԽՍՀՄ փլուզվել է, Ռուսաստանից դուրս բնակվող վետերաններն ավելի քիչ արտոնություններ ունեն: Այնպես որ, մեր ծերությունը միանման չէ»,-ասաց վետերանը:

Ռոզալիա Աբգարյանը մի շարք պարգեւների է արժանացել, այդ թվում` «Մարտական սխրանքի համար», «Կովկասի պաշտպանության համար»  եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ