News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջեւ ս.թ. մայիսի 17-ին ստորագրվել է «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի մեր երկրին կտրամադրվի 35 մլն դոլարի վարկ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը եւ այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրեր բնակչության ռիսկային խմբերում, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ, ինչպես նաեւ բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ:

Վարկային միջոցները կուղղվեն նաեւ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճարտարապետա-շինարարական նախագծմանը, Ճառագայթային բուժման կենտրոնի շենքի շինարարությունը եւ Ճառագայթային բուժման կենտրոնի հագեցմանը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով եւ կահույքով, ինչպես նաեւ բուժման ուղեցույցների մշակմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաեւ Երեւան քաղաքի Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի արդիականացում:  Կկատարվի կենտրոնի հիմնական բուժական եւ պոլիկլինիկական մասնաշենքերի հիմնանորոգում, կենտրոնի ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում: Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետության բարելավման նպատակով նախատեսվում է կենտրոնում հիմնել ոսկրածուծի փոխպատվաստման եւ բարձր դոզաներով քիմիաթերապիայի բաժանմունք:

Ֆինանսավորման Ծրագիրը կաջակցի ՀՀ Լոռու մարզի առողջապահական համակարգի արդիականացմանը՝ շարունակելով եւ ավարտին հասցնելով մարզերում հիվանդանոցային օղակի բարելավումը: Նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նոր բժշկական կենտրոնի կառուցում եւ հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Վարկը տրամադրվում է 1.25% տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news