News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, եւ հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ Հանրապետության նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ եւ հիշողություններ է պահպանել 2010թ. Լոնդոնում Նորին Մեծության եւ արքայազնի հետ հանդիպումներից: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է եւ Ձեր ներդրումը»,-արքայազն Չարլզին ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, մեր հայրենակից Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու եւ Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար եւ կարեւորել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաեւ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը: Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության եւ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը եւ պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաեւ Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ