News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Հայաստան կատարած իր այցի շրջանակներում արքայազն Չառլզը ոչ միայն հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ այցելել երկրի տեսարժան վայրերը, այլեւ հասցրել է հայկական ազգային ուտեստներ համտեսել «Dolmama» ռեստորանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Dolmama» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը նշել է, որ արքայազն Չառլզը հավանել իրեն մատուցած հյուրասիրությունը: 

«Արքայազնի խոսքով սա ամենահամեղ ուտեստներն են, որ նա երբեւէ փորձել է: Նա բարեկիրթ մարդ է, եւ կարծում եմ, որ անգամ եթե չհավաներ դրանք, ապա միեւնույն է, գովեստի խոսքեր կասեր, թեեւ ես համոզված եմ, որ մեր ուտեստները համեղ են», - նշեց Ավանյանը:

Ռեստորանում նախորոք գիտեին Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ Վինդզորի այցի մասին եւ ճաշացանկը կազմվել է հյուրերի ներկայացուցիչների հետ միասին: «Արքայազնը համտեսեց գառան թիակ, իշխանի փափկամիս (Սեւանի իշխան) եւ ծառի սունկ: Ալկոհոլային խմիչքներից Ուելսի արքայազնը նախապատվությունը տվեց «Կարաս» հայկական կարմիր գինուն, մյուս հյուրերն ընտրեցին «Դվին» հայկական կոնյակը», - պատմեց Ավանյանը:

Հիշեցնենք, որ արքայազն Չառլզը Հայաստան է ժամանել մայիսի 28-ին «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակով: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երեւանի ճարտարապետական ժառանգության եւ հուշարձանների պահպանման եւ վերածննդի վրա` հաշմանդամ երեխաների, երիտասարդության եւ անապահով ընտանիքների կյանքը բարելավելու նպատակով: Արքայազնը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակներում Հայաստանում իրականացնում են բարեգործական ծրագիր: Արքայազնը դարձել է թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով մասնավոր այց է կատարել Հայաստան, որտեղ կմնա մինչեւ մայիսի 30-ը:

Լուսանկարները՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ