News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հայկական համագումարին կից գործող Հայկական Ազգային ինստիտուտը (Armenian National Institute, կրճատ`  ANI) հրապարակել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, եւ զանգվածային ջարդերի դատապարտման փաստերի ժողովածուն: Ըստ պատմաբան Ռուբեն Ադալյանի, որը ղեկավարում է նշված ինստիտուտի աշխատանքը, Ամերիկյան իշխանությունները տեղյակ էին հայկական ջարդերին եւ քանիցս դատապարտել էին տեղի ունեցածը արդեն նախորդ դարասկզբին թե նախագահի եւ թե սենատի մակարդակով:

11 էջից բաղկացած փաստաթղթում նշվում է, որ ցեղասպանության գործադրման տարիներին Միացյալ Նահանգներն իրականացնում էր խոշորագույն մարդասիրական աշխատանք` Սպիտակ տան անմիջական հովանավորությամբ: Ընդ դրում Օսմանյան կայսրության տուժյալ հայերին օգնելու համար ստեղծված Near East Relief հատատությունը ձեւավորվել է ամերիկյան Կոնգրեսի հատուկ որոշմամբ:

1916 եւ 1920թթ-ին Եղեռնագործության մասին բանաձեւեր է ընդունվել ԱՄՆ Սենատում: 1918թ-ին նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը տեղի ունեցածը բնութագրել է որպես «1-ին համաշխարհարհայինի ընթացքում  տեղի ունեցած մեծագույն ոճիր»:

Ավելի ուշ` 1975թ-ին ապրիլի 9-ին Կոնգրեսի 148 համարի բանաձեը, ապրիլի 24ը հռչակելով որպես մարդու կողմից մարդկության դեմ բռնության օր, 1915թ-ին կատարվածը բնութագրել է իբրեւ Հայերի ցեղասպանություն: Նույն բովանդակության փաստաթուղթ է ընդունվել նաեւ 1984թ-ին: Իսկ1981թ-ին 4838 համարի հայտարարությամբ տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն է բնութագրել նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

Ներկայացնելով այս բոլոր փաստերը` Ռուբեն Ադալյանը շեշտում է, որ մեր օրերում արդեն Կոնգրեսը պետք է ոչ թե ճանաչի այլ պարզապես վերահաստատի նախկինում բազմիցս ամրագրված դիրքորոշումը:

«Թուրքիայի մերժողական քաղաքականությունը եւ այն փաստը, որ անցնող տասնամյակների հետ ամերիկացիների նախկին` ավելի իրազեկ սերնդի պաշտոնյաներին փոխարինել են թեմային պակաս չափով տիրապետող մարդիկ. հենց ուրվագծում է այն մարտահրավերները, որոնք այսօր պետք է հաղթահարի ամերիկահայ համայնքը` ամերիկյան պաշտոնյաներին եւ հասարակությանը կրթելու եւ Մեծ Եղեռնի վերաբերյալ ճշմարտությունը ներկայացնելու առումով», շեշտում է պատմաբան Ռուբեն Ադալյանը:

Հիշեցնենք, որ ներկայում ԱՄՆ ներկայացուցիչների պալատում առաջադրվել է նոր օրինագիծ, որը դատապարտում է Հայ ժողովրդի ցեղասպանությունը: Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ ANI կազմակերպության պատրաստած տեղեկանքը հնարավոր է ներբեռնել ԱՄՆ Հայկական համագումարի կայքից:

Տպել
Ամենաշատ