Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նաղարեթյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է ոստիկանությունն իրեն խաբեությամբ բերել հոգեբուժարան, ինչու են ինչ-որ մարդիկ փորձում խլել իր բնակարանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ա1+»-ից:

«Տունս եկել ա ոստիկանը, սկորիի բժիշկը եկել էին, նստան խոսացին, ինչ արեցին, ասին՝ ոչ մի բան չունի, սրան ինչ կարող ենք ասենք, ոչ մի բան»,- պատմում է նա: Թեեւ դրան, ոստիկանները նրան նստեցրել են Շտապօգնության մեքենան, չեն ասել, թե ուր են տանում, ճանապարհին ոստիկաններն իջել են իսկ մեքենան նրան բերել է Ավանի հոգեբուժական կլինիկա։ Տեղ հասնելուց որոշ ժամանակ հետո տիկնոջ պատմելով, աշխատողներից մեկը իր մոտից վերցրել է 5 հազար դրամ, որը ետ վերադարձնելու փորձից հետո հոգեբուժարանի 4 աշխատակից նրան բռնությամբ պառկեցրել է գետին եւ ծեծել. «Մեկը աչքիս ա խփում, մեկը գլխիս ա խփում, մեկը մազերս ա պոկում, մեկը շորերս ա վրայիցս ինչ անում»։

Հոգեբուժարանում հայտնվելու պատճառն, ըստ մանկավարժ կնոջ, այն է, որ ինքը տարբեր ատյաններին մի քանի տարի բողոքել է, թե «Կոմիտաս» սրճարանի տերն իրեն անհանգստացնում է։

Իսկ ինչու՞ է անհանգստացնում, որովհետեւ նրա եղբորը պատկանող տարածքում գտնվող «Իդեալ» խանութը իր պատուհանի դիմաց պայմանավորվածից մեծ ծածկ է սարքել ու տիկին Ամալյան հաճախ է բողոքել տարբեր պետական մարմիններին։

Հոգեբուժարանում գտնվելու 5-րդ օրը հենց հիվանդանոցում տեղի ունեցած դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը 4 մասնագետի լսելուց հետո որոշել է, կինը պետք է երկարատեւ բուժում անցնի հոգեբուժարանում, ագրեսիվ է

«Ձեզ որ ապօրինի ձեւով բերեն, քցեն էստեղ, ագրեսիվ չե՞ք լինի»,- զարմանում է Ամալյա Նազարեթյանը։

Դատավարությանը Ամալյա Նազարեթյանը փաստաբան չի ունեցել, այդ մասին տեղյակ է պահել դատավորին. «Ասի դուք որ դատ եք անում, պետք է փաստաբան ունենամ, ասին, թող ձերոնք մտածեին փաստաբան բռնեին»։

Կինը պնդում է նաեւ, որ իրեն ցանկացել են թունավորել՝ պատուհանից փորձել են գազ բաց թողնել, «Իդեալ» խանութում թունավոր կոնֆետներ են առաջարկել, որոնք ինքը հրաժարվել է վերցնել։  Ամալյա Նազարեթյանն այլեւս չի դիմադրում հիվանդանոցային պայմաններին, դժգոհում է, որ դեղեր չեն տալիս, բողոքում է կողային ցավերից եւ խնդրում է, որ ինչ-որ մեկն իրեն ասի՝ դեռ ինչքա՞ն է մնալու հոգեբուժարանում։  Տուն վերադառնալուն պես նա ծրագրեր ունի. «Որ վերադառնամ, տունս ծախելու եմ, գնալու եմ ստեղից» Ուր եք գնալու, ո՞վ ունեք՝ հարցնում ենք. «Սաղ աշխարհում էլ ունեմ բարեկամներ՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում»։

Մանրամասները` տեսանյութում: