Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօր՝ հունիսի 4-ի իր նիստում քննարկել է «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը: Համաձայն մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը անիրական գովազդի միջոցով ակնհայտորեն խաբում եւ մոլորեցնում է սպառողներին:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքս»-ը հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի միայն անձնագրով եւ սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ:
Հանձնաժողովի դիտարկման ընթացքում հաստատվել է, որ երբ քաղաքացիները այցելում են խանութ, նրանց տեղեկացնում են, որ անհրաժեշտ է նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն եւ այլն, ինչի մասին սակայն գովազդում չի նշվում:
Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը, այն դեպքում, երբ միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը ոչ բոլոր դեպքերում են բավարար համակարգիչ գնելու համար, մոլորեցնում է հասարակությանը՝ տնտեսվարողի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:
Հանձնաժողովի որոշմամբ, օրենքի խախտման համար «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:



























