News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին` հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը մեկնարկել են «Արամ Խաչատրյան» փառատոնը եւ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությանը նշել է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը բոլորի համար տոն է։ Նրա երաժշտությունը նվաճել է աշխարհի բոլոր բեմերը, աշխարհի տարբեր մարդկանց սրտերը։ «Մենք հպարտությամբ ենք ասում, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործության միջով ոսկե թելով անցնում են ազգային մեղեդիները։ Մենք նրա երաժշտության մեջ լսում ենք մեզ հարազատ հնչյունները։ Եվ շատ խորհրդանշական է այն հանգամանքը, որ այսօր շատ երկրներում հայերին, Հայաստանը ճանաչում են նաեւ Արամ Խաչատրյանի անունով»,- նշել է մշակույթի նախարարը։

Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նկատեց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ հնարավորություն է երիտասարդների համար։ Նա իր ընտանեկան արխիվից թանկարժեք նվեր էր պատրաստել Արամ Խաչատրյանի թանգարանին՝ ուղիղ 60 տարի առաջ 1953 թվականի հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ձեռքով գրված նամակը։

Արվեստագետ, Արամ Խաչատրյանի որդի Կարեն Խաչատրյանը նշեց, որ իր համար Երեւան այցելությունը միշտ շատ հուզիչ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով, նա այստեղ տեսնում է հոգեւոր հզոր կապ հայ ժողովրդի եւ Արամ Խաչատրյանի միջեւ։ ՙԵս զգացմունքային լիցքեր եմ ստանում Հայաստանում։ Միաժամանակ ինձ մոտ հուշեր են արթնանում. բազմաթիվ անգամներ եմ Արամ Խաչատրյանի հետ եղել Հայաստանում, այս դահլիճում։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել հայ ժողովրդին Արամ Խաչատրյանի նկատմամբ ունեցած մեծ սիրո ու հարգանքի համար՚,- նշեց Կարեն Խաչատրյանը։

Մրցույթի պատվավոր հյուր Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն Արամ Խաչատրյանի ստեղծագործության երկրպագուն է, նրա երաժշտությունը շատ գեղեցիկ է։ Արքայադուստրն առանձնացրեց հատկապես Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։  

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում կատարումներով հանդես եկան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:

Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է այսօր եւ կտեւի մինչեւ հունիսի 9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգն ու պարգեւատրման արարողությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աջակիցներն են՝ «Անի պլազա» հյուրանոցը, «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երեւանը», «Նացիոնալ» հյուրանոցը, Mozarteum ռեստորանը, Gusto ռեստորանը, The Club ակումբը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», NEWS.am, «Շողակաթ», «Դար 21», 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5, imyerevan.com, «ՏուրԻնֆո» ամսագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ