Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանը խաբել է մի շարք մարդկանց եւ նրանցից գումարներ կորզել: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին` 35-ամյա Գեւորգ Թումասյանը: Նա նշեց, որ 2009թ պարտավորագիր են ստորագրել, ըստ որի`  Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Նա նշեց, որ պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել:

Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց:  Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից  դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Այժմ Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչանոնցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի, նա նույնիսկ չի կարող անձնագիր փոխել, երկրից բացակայել, բայց այդքանի հետ միասին ավագանու անդամ է դարձել»,- ասաց քաղաքացին: Գեւորգ Թումասյանն նշեց նաեւ, որ միայն ինքը չէ խաբվածների շարքում, այլ մարդիկ եւս կան, որոնց «օդի մեջ կեղծ փաստաթղթերով» հողամասեր է վաճառել: