The Wall Street Journal թերթը հնարավոր է համարում, որ Իրանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից՝ Վրաստանում մասնավոր ընկերություններ ստեղծելու ճանապարհով: Պարբերականը նշում է, որ այդ նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Վրաստանում 150 ընկերություններից կազմված ցանց է ստեղծել: Վրաստանի բանկային սեկտորը առավելապես օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու համար, նշում է թերթը՝ վկայակոչելով իրանցի Ջավադ Գոլչինֆարին, ով օգնել է իր հայրենակցին Վրաստանում բիզնես նախաձեռնելու հարցում:
Վաշինգթոնին առավելապե անհանգստացնում է երեք խոշոր գործարարների գործունեությունը, որոնք կասկածվում են Թեհրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Նրանք են Հուշան Հոսեյինփուրը, Փուրյա Նայեբին եւ Հուշան Ֆարսուդեհը:
Այս գործարարները FlyGeorgia ավիաընկերության հիմնադիրներն են, վերահսկում են JSC InvestBank բանկը, նաեւ էլի մի շարք խոշոր ակտիվներ ունեն Վրաստանում: Իրենք՝ գործարարները Թեհրանի հետ սերտ առնչությունները հերքում են, գրում է Lenta.ru-ն:



























