Ուկրաինայի իրավապահ մարմինները Կիեւում կասեցրել են հայտնի «ՎԿոնտակտե» սոցկայքի սերվերները: Պատճառը տեղական ընկերության` հարկերից խուսափելու վերաբերյալ հետաքննությունն է:
«Կիեւի սերվերները ներկայումս անհասանելի են, քանի որ դրանց գործունեությունը կասեցվել է ոստիկանության կողմից` քննչական գործողությունների համար: Բնականաբար, մեր դեմ մեղադրանքներ չկան»,-հաղորդել է ընկերության տեխնիկական տնօրեն Նիկոլայ Դուովը:
Նրա խոսքով` հետաքննվում է տեղի ուկրաինական ընկերության կողմից հարկերից խուսափելու գործը, որը «ՎԿոնտակտեի» հետ ոչ մի առնչություն չունի: Սակայն այդ ընկերության ֆինանսական փաստաթղթերը կարող են գտնվել այդ սերվերներում, ուստի դրանք ստուգման են ենթարկվում, հաղորդում է «Dni.Ru»-ն:
Նա հավելել է, որ ստուգումների պատճառով ուկրաինացի օգտատերերի կոնտենտը ավելի դանդաղ է ներբեռնվում:





























