News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ իրավաբանների խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների եւ օժանդակողների բացահայտումն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Համաժողովը կազմակերպել է Սփյուռքի նախարարությունը։

«Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  եւ դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք` իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ եւ պետություններ, ովքեր կազմակերպել, օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը` ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների եւ պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման իրավական հարցերին, ապա Ա.Հովսեփյանի խոսքով,  այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն:

«Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաեւ գույքային եւ տարածքային:

Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ