News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու Հայոց ցեղասպանությունն ուրանալու եւ մոռացության տալու բոլոր փորձերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երեւանում մեկնարկած իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները:

Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:

Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական եւ գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական եւ քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բեւեռելու եւ ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որեւէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը եւ դրա հետեւանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու եւ մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի եւ դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:

2011 թվականի ապրիլին ձեւավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաեւ սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով եւ գիտական եզրահանգումներով:

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մաղթում եմ բարի երթ եւ արդյունավետ աշխատանք»:

Նշենք, որ իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ