News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, այսօր՝ հուլիսի 5-ին, Ռիգայում եղբայրացման մասին համաձայնագիր են ստորագրել:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը եւս մեկ խթան կհանդիսանա Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխշահավետ համագործակցություն հաստատելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար:

«Անկեղծորեն ուրախ եմ, որ հենց այս փուլում եք այցելել Ռիգա: Այս օրերին Ռիգայում անցկացվում է ոչ միայն Լատվիայի, այլեւ ողջ Եվրոպայի կողմից ճանաչված ամենահայտնի` լատվիական երգի եւ պարի ավանդական տոնը, ինչը հրաշալի հնարավորություն է լիարժեք տեսնելու ու ծանոթանալու մեր քաղաքին: Համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից ստորագրվելիք  համաձայնագիրը կնպաստի, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն ավելի հաճախակի այցելեն մեկը մյուսին եւ շատ ավելի տեղեկացված լինեն մեր մշակույթների առանձնահատկություններին: Նաեւ վստահ եմ, որ մեր ջերմ հարաբերություններն անպայման կունենան նաեւ փոխշահավետ զարգացումներ», - նշել է Ռիգայի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն իր հերթին, վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երեւանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը, եւ վստահ եմ, որ ստորագրվելիք եղբայրացաման մասին համաձայնագիրն իսկապես արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի Երեւանի եւ Ռիգայի միջեւ: Մեզ համար շատ կարեւոր է տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի եւ նախագծերի իրականացումն ու փորձի փոխանակումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի եւ մասնագետների փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաեւ քաղաքներում երթեւեկության եւ փոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը Նիլ Ուշակովին հրավիրել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ