Արագածոտնի մարզի Ափնա գյուղի տարածքում Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ ,Շենավան, Հարթավան գյուղերի հարյուրավոր բնակիչներ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մեքենաները շարժվեն: Նրանք դժգոհում են թոշակի բաժանման կարգից: Ափնա գյուղի գյուղապետ Ռոբերտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  միջհամայնքային ճանապարհը իրենց գյուղով է անցնում, դրա համար են իրենց գյուղում հավաքվել: Նա ասաց, որ գյուղացիները դժգոհում են թոշակի բաժանման կարգից: ««Հայփոստ»-ը հիմա շրջիկ մեքենայով գալիս է գումարը բաժանելու եւ 1 ժամ հետո հեռանում է: Գյուղացին այդ ժամերի մեջ չի կարողանում տեղավորվել: Մեկը դաշտում է, մյուսը՝ հիվանդ: Գյուղացու համար «ժամ» հասկացողություն չկա: Արեւը դուրս է գալիս, գյուղացին աշխատանքի մեջ է եւ միայն արեւի մայր մտնելուց պառկում է  քնելու»,- հիմնավորեց  Ռոբերտ Կարապետյանը: «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը պիլոտային է: «Անհրաժեշտության դեպքում, եթե 1 ժամը քիչ է, տվյալ գյուղի համար կդառնա 1.5 ժամ կամ 2 ժամ: Մեկ կամ երկու ամսից ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե ժամանակի խնդիրն է: Պարզապես պետք է ժամանակին տեղում լինեն կամ սպասեն տանը, մինչեւ մեքենան թոշակը կտանի իրենց տուն»,- ավելացրեց Գեւորգ Աբրահամյանը: