News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը 2012-ի մայիսին հրկիզած ազգայնական եղբայրներն այսօր՝ հուլիսի 25-ին, դատապարտվել են 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման եւ 2 տարվա փորձաշրջանի:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այս գործով արագացված դատավարություն է իրականացրել, քանի որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը 2012 թվականի մայիսին մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: Առաջին հարձակման ժամանակ իրանահայ եղբայրներ Արամեհ եւ Համբիկ Խաբազյանները պայթեցրել էին ակումբը` կոտրելով ապակին եւ բենզինով շիշը ներս նետելով, որից հետո ձերբակալվել էին: Ակումբին հասցվել էր 3.227.563 դրամի գույքային վնաս: Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել:

Երկրորդ հարձակման ժամանակ մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, ջարդել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում: Ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) խոսքով՝ այս անգամ նրանց մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են, քան երիտասարդներ: Նրանք ակումբում մեծ պաստառ էին  թողել` «Լույս Լուսավորչի հավատին, մահ` ուրացողին» գրությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ սպառնալիքներ` «Ծոմակի ստեղծողի եսիմ ինչը, Ծոմակ, չենք թողնելու շնչես, մենք դեռ գալու ենք քո հետեւից» բովանդակությամբ:

Այդ գործով մեղադրյալ եղբայրների երաշխավորներն էին ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը:

Ամբաստանյալների պաշտպանը նշել է, որ դեռեւս նախորդ տարի եղբայրները վճարել էին նախնական 4 մլն դրամ, որը փոխանցվել էր դատական դեպարտամենտի հաշվին:

Նշենք, որ հարձակումներից հետո Ծոմակը լրագրողներին հայտարարել էր, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Դրանից հետո Արծվիկ Մինասյանը հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:

Ներկայումս Ծոմակը ընկերների հորդորով հեռացել է Հայաստանից եւ գտնվում է Շվեդիայում:

Հետագայում այս միջադեպի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտել հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ դատապարտելով ազգայնականության դրսեւորումները:

Տեսանյութը և լուսանկարները՝ «Հելսինկյան ասոցիացիա»-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ