News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Էրեբունի ամրոցում 2008 թվականից իրականացվող պեղումների 6-րդ փուլը երեկ՝ հուլիսի 30-ին ամփոփել է Էրեբունիի հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը: Պեղումների այս փուլի ավարտը նշանավորվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր Անրի Ռոնոյի, Հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի այցով Էրեբունի ամրոցի միջնաբերդ:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են պեղումների հրապարակով, ունկնդրեցին արշավախմբերի ղեկավարներ Ստեֆան Դեշամպի /Ֆրանսիա/ եւ Աննա Ազիզյանի /Հայաստան/ մեկնաբանությունները եւ հիմնավորումները: Ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստ. Դեշամպը, ներկայացնելով պեղումներով բացված ուրարտական փողոցը, կատակով նկատել է, որ բարձրաստիճան այցելուները այս պահին քայլում են Երեւանի թերեւս ամենահին փողոցով: 

Տպավորիչ շրջայցին հետեւել է արշավախմբերի մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: 

Հանդես գալով հակիրճ խոսքով` Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը վերահաստատել է Էրեբունի ամրոցն այցելուին նորովի ներկայացնելու Երեւանի քաղաքապետարանի կամքը: 

Էրեբունի ամրոցի պեղումների 6-րդ փուլը մեկնարկել է 2013թ. հուլիսի 2-ից: Առաջիկա ամսին պեղումների հրապարակը կծածկվի հողով` մինչ պեղումների 7-րդ փուլը: Հայ-ֆրանսիական համատեղ պեղումները Էրեբունիում կշարունակվեն մինչեւ 2015 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ