News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շատ էինք վախեցել սկզբից, «Կեսգիշերային ճեպընթացի» սցենարով էր զարգանում ամեն ինչ, թեեւ գիտեինք, որ բան չենք արել, բացի քրդերի հետ շփվելուց: Իր տպավորությունները NEWS.am-ի թղթակցին այսպես փոխանցեց «Անտարես» հրատարակչության տնօրեն, երկու օր առաջ Վանում Թուրքիայի ոստիկանություն բաժանմունք բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ մինչ այդ երկու անգամ եղել է Ստամբուլում, առաջին անգամ այցելելուց առաջ Թուրքիայի մասին գիտեր այն, ինչ ժողովուրդն է խոսում, մեկ էլ տեսել էր  «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը:  Այս անգամ այցի ժամանակ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձում էր նկարահանել մի վերանորոգված տուն` կարծելով, որ դա երկրաշարժից հետո է վերանորոգվել: «Բանն այն էր, որ այնտեղ բազմաթիվ «դոմիկներ» կային, «դոմիկները» արդեն դատարկ էին, մեկ տարի է անցել երկրաշարժից, փաստորեն բոլորը ստացել են տներ, պետությունը վաճառել էր 20 տարի մարման ժամկետով իհարկե նրանց, ովքեր ապահովագրված չէին: Ոստիկանը սեփական մեքենայով կանգնեցրեց, ասաց` ինչի՞ եք նկարում, իր ոստիկանական ժետոնը ցույց տվեց, ասաց` չշարժվեք, մեքենայից դուրս չգաք, զանգահարեց տարբեր տեղեր, ու սկսեցին իրար ետեւից տարբեր մեքենաներ գալ, եկավ մեքենա, վրան գրած էր «Անտիտեռորիզմ»:  Նայեցին, խուզարկեցին կիզիչ արեւի տակ, տեղափոխեցին միջադեպից հեռու մի շենք, որի վրա գրված էր «Ժանդարմերիա»: Այնտեղ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, մեզ հայտնեցին, որ չեն ձերբակալել, ընդամենը ստուգում են կատարում եւ բաց կթողնեն, եւ կգնանք հիվանդանոց, որպեսզի իրենց պետությանը հաշվետվություն տան, որ մեզ հետ ոչ մի բռնություն չի կատարվել, այնտեղ հարցեր էին տալիս, թե «Անտարես» ի՞նչ է նշանակում, ուրարտական պետության մասին էին խոսում, Տուշպայի-Էրեբունու, Մենուայի-Արգիշտի կապի մասին էին խոսում, հարցնում էին` ոստիկանը ինչքա՞ն է ստանում Հայաստանում, միջին աշխատավարձը ինչքա՞ն է. հարցնում էին` քանի՞ երեխա ունես, մե՞ծ են, փո՞քր են, իրենք էին պատմում իրենց երեխաների մասին, թեյ հյուրասիրեցին».- պատմեց Արմեն Մարտիրոսյանը: Նա պատմեց նաեւ, որ ոստիկանական բաժանմունքում առգրավել էին բոլոր իրերը` համակարգիչները, հեռախոսները, տեսախցիկները, մինչեւ չպարզեն նրանց ինքնությունը, նրանք իրավունք չունեն շփվել աշխարհի հետ:

Վանում թուրքական ոստիկանական բաժանմունքում ժամեր անցկացրած Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ մինչ այդ իրենք եղել էին Վանի ամրոցում, շփվել էին քրդերի հետ, զրուցել էին, թե որտեղ ոնց են պայքարում,  տարբեր քրդեր պատմել էին, թե օրինակ մեկի եղբայրը  գտնվում է Գերմանիայում, մյուսինը` Շվեդիայում, փախած են, որովհետեւ Թուրքիայում մասնակցել են տարբեր կազմակերպությունների գործունեությանը, այժմ հետապնդվում են, նրանցից յուրաքանչյուրը ունենում է 12 -15 երեխա, նրանց մի մասը զոհվում է այդ հանուն ազատագրման: Մարտիրոսյանի փոխանցմամբ` վարկած է, որ հենց Վանի ամրոցում քրդերի հետ շփումից հետո, սկսել էին իրենց հետեւել, թեեւ ինքը այդպես չի կարծում, «կարող է իրենց երկրի անվտանգությունը ապահովելու համար էին հետեւում կամ մեր անվտանգությունը ապահովելու համար, համենայն դեպս, երբ պետական անվտանգության համակարգը հետեւում է, ուրեմն` դրա կարիքն ունի եւ սեփական օրենքներով կարգավորված է»:

Նա նշեց, որ իրենց երկար ստուգում էին, իրենց անուն, ազգանունը հարյուր թղթի վրա գրում, իսկ երբ տարան հիվանդանոց, պարզվեց, որ «պրոտոկոլ պետք է ստորագրեն,ինչ-որ մեկը «Ժանդարմերիայի» բաժանմունքից բերեց պրոտոկոլը, թուրքերեն չկարդալով գրեցին, որ իրենց համար թարգմանեց այսինչ մարդը եւ տակը ստորագրեցին»: Հետո պարզվեց, որ թուրք ոստիկանները բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների անձնագրերը թողել են բաժանմունքում, զանգեցին, խնդրեցին դրանք բերել հիվանդանոց, «այնպես որ շատ հեռու չեն թուրքերը մեզնից, իրենք էլ ունեն այդպիսի անփություններ, մենք ունենք իրենցից սովորելու, իրենք ունեն մեզնից սովորելու»:

«Անտարեսի» տնօրենը պատմեց, որ վերջում, երբ պարզվեցին, որ իրենք ահաբեկիչներ չեն, ներողություն խնդրեցին, տարան հենց այն «դոմիկները», որը իրենք փնտրում էին, եւ ՀՀ քաղաքացիները իրենց աչքով տեսան, որ դրանք արդեն դատարկ են, մարդիկ չեն ապրում այնտեղ: «Մենք ուզում էինք հասկանալ` ո՞նց եք կարողանում դուք մեկ տարվա մեջ ձեր անտուններին, անօթեւան մարդկանց ապահովեք, ի՞նչ մեխանիզմ է գործում, իսկ մենք 25 տարվա մեջ չենք կարողանում, միգուցե փորձի փոխանակման հարց կա, գիտելիքների, ուսումնասիրության, ո՞նց անենք, որ մեր անօթեւանները անօթեւան չմնան»,- ասաց հրատարակչության տնօրենը: «Դա Թուրքիային ճանաչելու միջոց էր, պոտենցիալ գործընկերոջը ճանաչելու միջոց էր: Հասկացանք թե մեր ազգը ինչքան մեծ բան է կորցրել, այդ բնությունը, այդ գեղեցկությունը, այդ առատությունը, անգամ տարբեր ազգերի հետ շփման հնարավորությունը, նաեւ հասկացանք, թե ինչ կարող ենք կորցնել, եւ ինչ պետք է անել, որ չկորցնենք, այլ ձեռք բերենք»,- ասաց Արմեն Մարտիրոսղյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը երկու օր առաջ բերման է ենթարկել Վան այցելած Հայաստանի 4 քաղաքացիների եւ մոտ 4 ժամ պահել նրանց ոստիկանության բաժանմունքում: Բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շարքում էին «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նրա աշխատակցուհին եւ մեկ ընկեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ