News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում Վանում հավաքված հայ եւ թուրք երիտասարդ գործարարները անկաշկանդ խոսել են երկու երկրների միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակին, որ դրանք ազդեն քաղաքականության վրա:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը նշել է, որ հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում:  Նա անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և խոչընդոտներին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են:

«Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչենայն իր ելույթում նշել է, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտի տնտեսությանը, ապա իր մտահոգությունը հայտնեց՝ ինչո՞ւ հայերը եւ թուրքերը երրորդ երկրի, այսինքն` Վրաստանի տարածքով պետք է շփվեն միմյանց հետ:

Հանդիպման մասնակից ավելի քան 30 գործարարներ ներկայացրել են տուրիզմի, գյուղատնտեսության, շինարարության, քարի մշակման, քաղցրավենիքի արտադրության եւ այլ ոլորտներում իրենց ծառայությունները: Փակ սահմանների եւ պետական մակարդակով հարաբերությունների բացակայության պայմաններում գործարարները փորձելու են նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, համատեղ մտածել ու երկու երկրների տնտեսական հարաբերությունների խոչընդոտների ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» և «Վանի երիտասարդ գործարարների միության» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև ստեղծվեց համագործակցության նոր հարթակ:

Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության և բիզնես հնարավրությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ