News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ: ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել, բայց կքննարկեն եւ հայտարարությամբ հանդես կգան: Նրանք հակված են կոչ անել ընտրազանգվածին չմասնակցել ընտրություններին, կամ էլ մասնակցության դեպքում դեմ քվեարկել իշխանական թեկնածուին:

«Մենք դեմ ենք այդ ընտրություններին, որովհետեւ նույն անճշտությունները կլինեն: Մենք կոչ ենք անելու մեր ընտրազանգվածին չմասնակցել այդ ընտրություններին, ոչ մի բան չի փոխվելու, «Ժառանգության» թեկնածուին էլ ենք ասել` չառաջադրվել, որովհետեւ ընդհանրապես շանս չունի, դեռ մեր թեկնածուն կարող էր ինչ-որ մի բան փոխել, պայքար կլիներ, բայց միեւնույն է, անճշտություններ, կեղծիքներ կլինեին, լծակներ կօգտագործեն, բան չի փոխվել մեր երկրում»,- ասաց Արմենակ Ստեփանյանը:

Չի բացառվում նաեւ, որ Սյունիքում ՀՅԴ-ն սատարի ոչ իշխանական թեկնածուին, օրինակ` «Ժառանգությունից» առաջդրված Սամվել Հայրապետյանին:  «Վերջնական թեկնածուները մնան, կտեսնենք` ով է պայքարի մեջ մտել, այն ժամանակ վերջնական որոշում կկայացնենք, պետք է հանդիպեն կուսակցության հետ, քննարկումներ անեն, կտեսնենք իրենց հնարավորությունները, լուրջ պայքարի ցանկությունը, եթե «Ժառանգության» թեկնածուն էլ է ցանկանում լուրջ պայքարի մեջ մտնել, մեկ է` պետք է դաշնակցության տարածքային կառույցի հետ հանդիպի,  տեսնենք «Ժառանգության» թեկնածուի տրամնադրվածությունը, պայքարի մեջ մտնելը»,- ասաց Արմենակ Ստեփանյանը

Նա շեշտեց, որ իրենք ընդհանրապես դեմ են մեծամասնական ընտրակարգին, որովհետեւ այդպես ընտրված պատգամավորը ոչինչ չի փոխում օրենսդիր մարմնում: ՀՅԴ ներկայացուցչի փոխանցմամբ`  նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցությունը Գորիսի եւ Սիսիանի քաղաքների բնակչության վրա էր, նա Կապանի վրա այդպես ազդեցություն չուներ: Նա կանխատեսլի ընտրություններ է գուշակում, որի արդյունքում հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն, բայց խնդիրը ինչպես հաղթելու մեջ է: «Եթե մի թեկնածու գործող քաղաքապետ էր  (նկատի ունի Կապանի նախկին քաղաքապետ, այժմ թեկնածությունը առաջադրած Արմեն Կարապետյանին, ով Կապանի քաղաքապետի ընտրություններում պարտվեց ՀՅԴ անդամ Արթուր Աթայանին-խմբ)եւ չկարողացավ հաղթել քաղաքապետի ընտրություններում, նորից առաջադրվում է, ժողովրդին նորից պարտադրում են մի թեկնածուի, որ ժողովուրդը չի ցանկանում: Վերջիվերջո, պետք է մի բան փոխվի,թե չէ, առաջադրվելով, նորից պայքարելով, նորից կոմբինատի փողերը թափելով...:Եթե մեր թեկնածուն առաջադրվեր, գիտեն, որ այս տարածաշրջանում Գագիկ Գեւորգյանը ընդունված անձնավորություն է ժողովրդի կողմից, եթե առաջադրեինք, պիտի Մաքսիմ Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը-խմբ)մի 3-4 միլիոն դոլար էլ ավել փոխ ծախսեր, դրանք մեր բոլորիս փողերն են, խի՞,  թույլ տանք ընտրակաշա՞ռք տա, մեր ժողովրդին կաշառի՞: Մենք միանշանակ չենք առաջադրում, որ այս վիճակը փոխվի, թե չէ մենք ընտրապայքարի մեջ ընկնենք, իրենք էլ փողեր բաժանեն, էս ժողովուրդը ավելի կաշառակեր դառնա, ավելի կախված լինի, դուք ցանկանո՞ւմ եք այդպիսի բան»,- ասաց Արմենակ Ստեփանյանը:

Դիտարկմանը, թե այժմ ավելի եք հեշտացրել իրենց ընտրվելը` առանց ընտրակաշառք բաժանելու, նա նշեց, որ դեռ չի իմացվի, թե ինչ կլինի:

Նա կանխատեսում է մասնակցության ցածր տոկոս, իսկ Կապանում կլինեն նաեւ իշխանությանը շատ դեմ քվեարկողներ:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչեւ ս.թ. օգոստոսի 25-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ