Կահիրեում օգոստոսի 20-ի գիշերը կալանավորվել է «Մահմեդական եղբայրների» գերագույն գաղափարական առաջնորդ Մուհամեդ Բադիան: Անվտանգության ծառայության աշխատակիցները Բադիային հայտնաբերել էին Ռաբաա ալ-Ադաուիա հապարակին կից շենքի բնակարանում, ուր նախկինում տեղակայված էր  բանակի կողմից ցրված իսլամիստների ճամբարը, հայտնում է  NEWSru.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսլամիստների եւ ուժայինների միջեւ բախումների ընթացքում Եգիպտոսի մայրաքաղաքում զոհվել էր Բադիայի որդին: Երկրի իշխանությունները ելույթների ակտիվ մասնակիցների մի շարք ձերբակալություններ են իրականացրել, այդ թվում նաեւ` «Մահմեդական եղբայրների» ղեկավարությունից: 

Եգիպտոսի ժամանակավոր նախագահի խորհրդական Մուստաֆա Հիջազին օգոստոսի 17-ին «Մահմեդական եղբայրներին» մեղադրել էր ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ, նշելով, որ Եգիպտոսի խռովությունները քաղաքական տարաձայնություններ չեն, այլ  իսլամիստների կողմից ահաբեկչական եւ ծայրահեղական գործողությունների դրսեւորում:

Հաղորդվել էր, որ իշխանություններն առաջարկում են արգելել շարժման գործունեությունը Եգիպտոսում: Ներկայումս տվյալ առաջարկը  քննարկման փուլում է: