Թեեւ Facebook-ը հրաժարվել է պարգեւատրել կայքի խոցելիությունը ցույց տված եւ Ցուկերբերգի էջը կոտրած հաքերին, Հալիլ Շրիթեհը կստանա «հանդիսատեսի համակրանք մրցանակը»: Պատմությունը գրավել է համացանցից օգտվողների ուշադրությունը, որոնք պարգեւատրում տալու Facebook-ի մերժումն անարդար են համարել:
Հիշեցնենք, Հալիլ Շրիթեհը հավակնում էր Facebook-ի` թերությունները վերհանելու համար սահմանված դրամական պարգեւին: Ընկերության աշխատակիցները սկզբում նրա գտածը լուրջ բան չեն համարել, ինչը պաղեստինցուն դրդել է դրա միջոցով կոտրել Ցուկերբերգի էջը: Արդյունքում Facebook-ը խոստովանել էր, որ խոցելիություն ունի, սակայն ծրագրի պայմանները խախտելու համար հրաժարվել էր Խալիլին պարգեւատրելուց:
Հաքերը պատմել է Facebook-ի խոցելիության մասին՝ Ցուկերբերգի էջը կոտրելու միջոցով
Շրիթեհի կողմնակիցները բացատրել են, որ պաղեստինցին պարզապես չի իմացել ծրագրի բոլոր պայմանները: Ըստ համացանցային հանրության կարծիքի՝ նա պարգեւատրության է արժանի, որը որոշել են հավաքել այժմ հանրահայտ քրաուդֆանդինգի միջոցով:
GoFundMe ռեսուրսում Շրիթեհի համար նվիրատվությունների հատուկ էջ են ստեղծել: Տվյալ պահին արդեն հավաքվել է 10730 դոլար նվիրատվություն: Գտնված թերությունների համար Facebook-ի վճարած պարգեւավճարներն սկսվում են 500 դոլարից: Այնպես որ, չնայած Facebook-ի քաղաքականությանը, Ցուկերբերգի հասցեն կոտրելը բավականին ձեռնտու է եղել, նշում է argumenti.ru-ն:




























