News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։ Սա նորանշանակ դեսպանի առաջին քաղաքավարական այցն էր ԱԻ նախարարություն։

Ողջունելով հյուրին` նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, առաքելությունը, զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցությունն ու իրականացված ծրագրերը։

«Մենք պատրաստ ենք փոխգործակցության, ինչպես նաեւ կիսվելու մեր ունեցած փորձով ու գիտելիքով։ Մեր բոլոր գործընկեր երկրների համանման կառույցների հետ պահպանում ենք ջերմ, բարեկամական հարաբերություններ եւ պատրաստ ենք համագործակցել նաեւ Լիտվայի արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների հետ»,- ասել է նախարարը։

Ի պատասխան` դեսպան Է. Պետրիկասն ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելը. «Այստեղ ես ինձ զզգում եմ ինչպես տանը։ Հայաստանի հետ կապված հիշողություններ ունեմ դեռեւս Սպիտակի երկրաշարժից։ Այն ժամանակ ես ուսանող էի ու զբաղվում էի հասարակական գործունեությամբ։ Երկրաշարժից հետո մենք ընկերներիս հետ հանգանակություն էինք կազմակերպել` աղետից տուժած բնակչության համար։ Շոյված եմ, որ մարդիկ այստեղ շատ բան գիտեն իմ երկրի մասին եւ ջերմորեն են մեզ ընդունում։ Ես արդեն հասցրել եմ ծանոթանալ Ձեր նախարարության ստեղծման պատմությանն ու նվաճումներին։ Դա շատ տպավորիչ է։ Վստահ եմ, որ մենք անպայման համագործակցության շատ եզրեր կգտնենք ու արդյունավետ փոխգործակցություն կծավալենք»։

Զրույցի ընթացքում Է. Պետրիկասն ընդգծեց, որ իր երկիրն Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը հռչակել է գերակա ուղղություն եւ ամեն կերպ նպաստելու է Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային։

Հանդիպման ավարտին Լիտվայի դեսպանը, նախարար Ա. Երիցյանի հետ միասին շրջեց ԱԻՆ «Արտակարգ» քաղաքում, եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում, այցելեց պոլիկլինիկա, տեսավ մարզասրահն ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խորհրդակցությունների դահլիճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ