Ագարակում հակառակորդի դիպուկահար կրակից հրազենային վիրավորում ստացած Արթուր Գառնիկի Ասոյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լեւոն Ժամագործյանը:

Նա տեղեկացրեց, որ զինծառայողը ունի ձախ բազկոսկրի գլխիկի կույր վիրավորում, կատարվել է վիրաբուժական միջամտություն, հեռացվել է  գնդակը: «Այժմ հիվանդի վիճակը միջին ծանրության է, վերքերը լավանում են առաջնային ձգումով: Քանի որ նա ունի բազկոսկրի գլխիկի բազմաբեկորային կոտրվածք, նրա բուժումը կշարունակվի, դեռ 1-1, 5 ամիս բուժման կարիք ունի»,- ասաց բժիշկը:

Լեւոն Ժամագործյանի խոսքով` եթե զինծառայողի ձախ բազկոսկրի գլխկի բեկորները հետագայում նրան չխանգարեն, որեւէ վիրահատական միջամտության կարիք չի լինի: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա վնասվածքը նրա հետագա կյանքի վրա, դա ցույց կտա ժամանակը:

NEWS.am-ի թղթակիցը այցելեց նաեւ Արթուր Ասոյանին: Նա նշեց, որ իրեն նորմալ է զգում, ցավեր ունի, բայց դրանք դիմանալու ցավեր են: Արթուր Ասոյանը չի ցանկանում հիշել միջադեպի օրը եւ խոսել այդ մասին: «Չեմ ուզում հիշել»,- ասաց նա: Սակայն, զինծառայողը հիշեց միջադեպի հետեւանքով մահացած Նորայր Պետրոսյանին, հիշեց, որ ընկերներ են եղել եւ ասաց, որ նա լավ ընկեր է:

Ի դեպ, Արթուր Ասոյանը մոտ 9 ամսվա ծառայող էր, որեւէ տեղ չէր սովորել, միանգամից մեկնել էր բանակ` ծառայության, իսկ թե ինչ նպատակներ, ծրագրեր ունի ծառայությունից հետո, ապա ասաց` «ժամանակը ցույց կտա»:

NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ նրա հարազատների հետ, ովքեր հայտնեցին, որ Արթուրը իրենց եւս ոչ մի բան չի պատմել միջադեպի մասին, անընդհատ ասել է, որ չի ցանկանում որեւէ բան հիշել եւ խոսել այդ թեմայով: Նա միայն պատմել է, որ ամեն ինչ վայրկյանների ընթացքում է եղել, չի հասկացել, թե ինչ է կատարվել, լսել է կրակոց, այնուհետեւ զգացել է, թե ինչպես հանկարծ ուսը ծանրացավ, սկսեց ցավալ ու այդպես ձեռքը բռնած իջել է ներքեւ ու նրան բուժօգնություն են ցուցաբերել: Տարածքում եղել են 5 զինծառայող: Արթուրը հիվանդանոցում է իմացել, որ Նորայրը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնել է, թե ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am