News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարվանից իր ուսանողների համար կսկսի մի շարք սոցիալական ծրագրերի իրագործումը: Այդ ծրագրերը կլինեն մի քանի ուղղություններով, որոնց բոլորի նպատակը լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին իրենց կրթության իրավունքն  իրացնելու հնարավորության ընձեռումն է:

ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե խնդիրների այս համալիրն այսօր քննարկվել է ՀՊՏՀ ռեկտորատի նիստում՝ այդպիսով հավանության արժանացնելով այս ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունված ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու, նրանց խիստ մատչելի գներով հանրակացարանով ապահովելու, նվազագույն գներով համալսարանի ճաշարանի սպասարկումն իրականացնելու մասին հարցերը:

Այսպիսով, այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված լավ սովորող (4- շեմից սկսած) երեխաները կստանան ամսական կրթաթոշակներ, որոնք կտրվեն երկրորդ կիսամյակից, սակայն ամբողջ տարվա համար՝ փոխհատուցելով նաեւ առաջին կիսամյակի ամիսները: Սահմանվել է 5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ: Ռեկտորատի նիստում հավանության արժանացած նախագիծը շուտով կներկայացվի ՀՊՏՀ գիտխորհրդին, որից հետո ամբողջությամբ կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում: «Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք: Այսպիսով մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծում, այլեւ խրախուսում լավ սովորողին»,- հայտարարել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ խնդիրը հնարավորինս լավ կազմակերպելու համար հանձնարարականներ տալով ռեկտորատի անդամներին:  Նա նաեւ ընդգծել է, որ կրթաթոշակների այս կարգը գործողության մեջ է դրվելու, միաժամանակ պահպանվելու է ուսման վարձերի զեղչման նախկին համակարգը:

Ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հաջորդ քայլը նրանց մատչելի գներով հանրակացարանով ապահովելու ծրագիրն է: Բուհը նորոգված եւ նոր կահավորված հանրակացարանով է պատրաստվում ընդունել իր բոլոր ուսանողներին: Ուսանողների սոցիալական խնդիրների թեթեւացմանն է ուղղված նաեւ համալսարանի ամբողջությամբ նորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված ճաշարանի գործարկումը, որտեղ սննդի գները պետք է լինեն մատչելի: «Ճաշարանը պետք է աշխատի նվազագույն շահույթով, ընդամենը ինքնածախսածածկում պիտի ապահովի»,- շեշտել է ռեկտորը:

Ներկայացվել է նաեւ, որ ՀՊՏՀ ղեկավարությունը հասարակական ակտիվություն եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հանգստի կազմակերպման համար արդեն մի քանի տարի, այս տարի ամռանը եւս «Տնտեսագետ» մարզաառողջարանի 50 անվճար ուղեգիր է հատկացրել:

Տպել
Ամենաշատ