Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում այսօր աշխատել են ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱԻՆ Փրկարար ծառայությունը օգոստոսի 30-ին, ժամը 15:45-ին ահազանգ էր ստացել, որ դեկանի աշխատասենյակում հայտնաբերվել է անհայտ ծագմամբ նյութ: ԵՊՀ է ուղեւորվել ՓԾ մեկ մարտական հաշվարկ: Ավելի քան մեկ ժամ դեկանի աշխատասենյակում հետազոտություն կատարելուց հետո ԱԻՆ աշխատակիցները հեռացել են:

«Մեր գծով կասկածներ չկան: Ճառագայթային ֆոնը չափել ենք: Նորմալ էր: Հիմա ոստիկաններն են իրենց գործն անում»,- NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԻՆ ՓԾ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, ՓԾ գնդապետ Վ. Բագիյանը: Հիշեցնենք, որ կասկածներ կային, թե դեկանի աշխատասենյակում հայտնաբերվածը սնդիկ է:

Ոստիկանությունն առայժմ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ նյութ է հայտնաբերվել եւ ինչպես է այն հայտնվել դեկանի աշխատասենյակում: