News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայերենը վտանգված է, անկախ Հայաստանում ռուսական գիմնազիա եւ համալսարան բացելու հեռանկարից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։

Նա շեշտեց, որ տասնյակ հազարավոր մարդիկ հեռանում են Հայաստանից, մարդուժի կորուստը մեծ վնաս է երկրին, քանի որ մայր հողից հեռանում են հայախոս մարդիկ։ Դավիթ Գյուրջինյանի փոխանցմամբ՝ հսկայական զանգվածը հատկապես տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն, եւ բոլորս գիտենք, որ տարիներ անց այնտեղ մեծացող երեխաները կորցնում են հայերենը, կամ այն իմանում են կենցաղային մակարդակով, չեն կարողանում բարդ մտքեր արտահայտել մայրենի լեզվով։

«Խորհրդային տարիներին հայերենը վտանգված էր ռուսական դպրոցների եւ համալսարանների ռուսական բաժինների պարագայում, եւ պետք էր ասել, որ ռուսերեն խոսելը քաղքենիության նշան էր: Շատերը հպարտանում էին, որ իրենց երեխան հայերեն չի խոսում։ Անկախության տարիները մեզ բերեցին երկրորդ նվաճումը՝ հայերենի իրական պետական կարգավիճակ ստանալը, ռուսական դպրոցների փակումը եւ ռուսախոսների վերադարձը հայերենի»,- ասաց լեզվաբանը՝ հավելելով, որ այժմ տեսնում ենք երկրորդ վտանգը։

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե Հայաստանում բացվի ռուսական գիմնազիա կամ համալսարան, ապա այդտեղ սովորած մասնագետները չեն կարողանա գրագետ հայերեն հաղորդակցվել մասնագիտական թեմայով, կլինի այն վիճակը, ինչ կար խորհրդային ժամանակ բժիշկների շրջանում։

Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ մայրենիի պաշտպանության հարցը ազգային անվտանգության խնդիր է։ «Հայաստանում կան խմբեր, շրջանակներ, որոնք երազում են ռուսախոսության վերադարձը, նրանք ազգային արմատներից կտրված են  եւ ստորադասում են ազգային մշակույթն օտարին։ Մենք ռուսախոսության դառը փորձը ունեցել ենք խորհրդային տասնամյակների շրջանում, անգլախոսության, ֆրանսախոսության վտանգ չկա, այդ պատճառով դրա մասին չի խոսվում։  Սա հակառուսական տրամադրություն չէ, սա ուղղակի հայերենը պաշտպանելու դիրքորոշում է եւ վտանգը ոչ թե գալիս է Մոսկվայից, այլ ներսից, մեր տնաբույս քաղքենիներն են այդ հողը մշակել»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ շեշտելով, որ ինքը դեմ չէ ռուսերենին, բայց կրթության լեզուն պետք է լինի հայերենը, որքան ուզում են, թող կողքից սովորեն օտար լեզուներ։

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ առանց այդ էլ գրական արեւմտահայերենը ՅՈւՆԵՍԿՕ-ի վերացող լեզուների ցանկում է, եւ եթե այսպես զիջենք հայախոս տարածքները, ներսում էլ բացենք օտարախոսության օջախներ, տխուր փաստի առաջ կկանգնենք։

Դավիթ Գյուրջինյանը հորդորում է պատկան մարմիններին հանդես գալ հայերենի պաշտպանությամբ, տեր կանգնել մայրենիին, հանրությանը հայտնել դիրքորոշումը եւ չգնալ այդ հաստատություններ։

Տպել
Ամենաշատ