News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: Նախագահի մամուլի գրասենյակից «Արմենպրեսսին» են փոխանցել ուղերձի տեքստը, որում ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Դեսպան Ջեյմս Ուորլիքի Երեւան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա պատրաստակամության մասին:

Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը եւ խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնելու դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

Նշենք, որ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել սեպտեմբերի 9-ին: Այսօր նա Երեւանից մեկնել է Ստեփանակերտ եւ կմասնակցի ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը` Ասկերանի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ