News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, լինելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ, միացել է Պանամայում կայանալիք 5-րդ համաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հայտարարությանը:

«Հանրային շահերի համար պաքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ զգուշացնում են կառավարություններին, որ Հազարամյակի զարգացման նպատակները կտապալավեն, եթե պետություններն այսօր քայլեր չձեռնարկեն կոռուպցիայի դեմ:

Հանրային շահերի համար պայքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ այսօր իրենց ուղերձը հղեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահող պարոն Ջոն Էշին եւ իրենց պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց՝ կանգնեցնել կոռուպցիայի հետեւանքով հանրային միջոցների արնաքամ լինելը: Դրանք այն միջոցներն են, որոնք կարող էին օգտագործվել՝ նվազեցնելու ծննդաբերության ժամանակ մայրերի մահացությունը եւ մանկական մահացությունը, ապահովելու համընդհանուր կրթություն, մաքուր խմելու ջուր եւ սանիտարահիգիենիկ պայմաններ, նվազեցնելու կլիմայի փոփոխության վնասակար հետեւանքները, հասնելու Հազարամյակի զարգացման բոլոր հիմնական նպատակներին:

Այդ կազմակերպությունները նշում են, որ իշխանությունները պետք է վերջ տան գաղտնիության պրակտիկային, որից օգտվում են կոռումպացված պաշտոնյաները, եւ փակեն քրեական օրենքներում այն սողանցքները, որոնք նպաստում են կոռուպցիոն հանցագործություններ կատարածների նկատմամբ մեղմ վերաբերմունքին: Իշխանությունները պետք է նաեւ վերացնեն այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մի պետության համապատասխան պետական մարմիններին՝ հետ բերելու այլ պետություներում թաքցված՝ գողացված ակտիվները: Նշված կազմակերպությունները մաս են հանդիսանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ ԿԿ) կոալիցիային, համաշխարհային մի ցանցի, որը պայքարում է, որպեսզի ՄԱԿ ԿԿ մասնակից պետություններն այդ Կոնվենցիան, որն այս տարի կնշի իր ստորագրման 10-ամյակը, դարձնեն ավելի գործուն մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարում:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ներկայումս իր նիստերն է անցկացնում Նյու Յորքում եւ նրա աշխատաքներին մասնակցում են աշխարհի ավելի քան 130 երկրների ղեկավարներ եւ 60 երկրների արտաքին գործերի նախարարներ: Այսօր Ասամբլեան կքննարկի Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու ուղղղությամբ կատարվող քայլերը եւ ՀԶՆ՝ 2015 թ. եւ հաջորդ տարիների օրակարգը: Նկատի առնելով այս քննարկումները՝ ՄԱԿ ԿԿ կոալիցիան իր 350 անդամ կազմակերպությունների անունից նամակ է հղել Ասամբլեայի նախագահող պարոն Էշին՝ շեշտելով, որ կոռուպցիան այսօր ՀԶՆ իրականացման ճանապարհին առկա առանցքային խոչընդոտն է եւ այդպիսին կլինի նաեւ ապագայում: Նամակում,  որը ստորագրել է ՄԱԿ ԿԿ կոալիցիայի նախագահ պարոն Վինսենթ Լազատինը,  նշվում է, որ «Կոռուպցիան սովորական հանցագործություն չէ: Այն ողջ աշխարհում կարճեցնում, իսկ հաճախ էլ ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Այն ի չիք է դարձնում տնտեսական զարգացումը եւ բերում է սոցիալական անհավասարության եւ անարդարության: Այն դեմ է մարդու իրավունքներին եւ մարդկային արժանապատվությանը»:

Կոալիցիայի նամակը ներառում է նաեւ Կոալիցիայի հայտարարությունը, որն առաջարկում է ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելմանը եւ պատժելուն ուղղված մի շարք քայլեր ՄԱԿ ԿԿ մասնակից պետությունների գալիք համաժողովում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ից 29-ը Պանամա քաղաքում: Այս հայտարարությունը նույնպես ուղարկվել է կոնվենցիան վավերացրած 167 երկրների նախարարներին եւ ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնողներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու այդ առաջարկներին նախքան նշված համաժողովը: Պարոն Լազատինը պետությունների առաջնորդներին հիշեցնում է. «Աշխարհի ժողովուրդները փոփոխությունների կոչ են անում: Հիմա է գործելու ժամանակը»:

Ծանոթագրություն. ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (ՄԱԿ ԿԿ) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող գլոբալ միակ իրավական համապարփակ փաստաթուղթն է: Այն Կոնվենցիան ստորագրած 167 պետությունների միջեւ իրավապարտադիր համաձայնագիր է, որը սահմանում է կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման, հետաքննման եւ պատժելիության չափանիշները եւ պահանջները:

ՄԱԿ ԿԿ Կոալիցիան, որը ստեղծվել է 2006 թ., հանդիսանում է ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց: Նրա նպատակն է նպաստել ՄԱԿ ԿԿ վավերացմանը, կիրարկմանը եւ մոնիտորինգին:

Հազարամյակի զարգացման նպատակները 2000թ. Կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթաժողովից հետո սահմանված 8 նպատակներն են: Դրանք ներառում են աղքատության  եւ սովի վերացումը, համընդհանուր տարրական կրթությունը, սեռերի իրավահավասարությունը, մանկական եւ մայրական մահացածության կրճատումը, հիվանդությունների հաղթահարումը, շրջակա միջավայրի մնայուն պահպանման ապահովումը եւ հանուն զարգացման գլոբալ գործընկերության հաստատումը»:

Տպել
Ամենաշատ