News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2012թ նոյեմբերի 20-ին Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիվանդանոցում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, մեղադրյալներն ազատության մեջ են: ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատները NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ արդեն 20 օր է, ինչ գործը գտնվում է Գլենդելի դատարանում:

Հարազատները հայտնեցին, որ մեղադրյալի աթոռին են հայազգի բժիշկը, նրա օգնականը, բուժքույրը եւ վիրահատությանը մասնակցած մի շարք անձինք, գործով պետք է հարցաքննվի 20 վկա: Մեղադրյալներից ոչ մեկը ձերբակալված չէ, եւ հնարավոր է չձերբակալվեն: Հարազատներն հայտնեցին, որ ԱՄՆ-ում օրենքները ամեն կերպ պաշտպանում են բժիշկներին, եւ ըստ դրանց՝ բժիշկը սխալվելու իրավունք ունի, նման դեպքերում սովորաբար չեն ձերբակալում, ծայրահեղ դեպքում կարող են զրկվել մասնագիտական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից:

Թեեւ նախաքննությունը ապացուցված է համարել, որ սիրելի երգչուհու մահը բժշկի սխալի հետեւանք է, բայց նույնիսկ այդ պարագայում եւ այժմ եւս բժիշկը շարունակում է աշխատել: Նա չի ընդունել իր մեղքը, ընդամենը ասել է՝ «մենք ամեն ինչ արեցինք, բայց չստացվեց»:

Հարազատները հայտնեցին նաեւ, որ դատաքննությունը կտեւի ամիսներ, հնարավոր է մեկ տարի, նրանք մեծ ակնկալիքներ չունեն դատավճռից:

Ուրախալի է միայն այն, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու առողջական վիճակն այժմ ավելի լավ է: Կնոջ մահվանից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր:

Տպել
Ամենաշատ