Պռոշյանցի եղբայրներ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները հավանաբար առաջիկայում ազատ կարձակեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ համաներումը հավանաբար կտարածվի խուլիգանության մեղադրանքով ազատազրկված Արտակ Պետրոսյանի վրա, թեեւ դա առայժմ ենթադրություն է, քանի որ համաներման տեքստը հայտնի չէ:
Ինչ վերաբերում է Պռոշյանի գյուղապետի սպանության գործով դատապարտված Արայիկ Պետորսյանին, ապա Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նրա կալանքի ժամկետը 15 օրով երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 18-ը, սպասում են համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը: «Այդ ժամկետ խոսում է նրա մասին, որ իրենք եւս համոզված են, որ Արայիկ Պետրոսյանը անմեղ է, այլապես դա այն ժամկետը չէ, որ թույլ տա հայտարարել նախաքննության ավարտ եւ գործը ուղարկել դատարան: Հույս ունենք, որ դրանից հետո քրեական հետապնդումը կդադարեցնեն եւ ազատ կարձակեն: Մենք համաներմանը համաձայն էլ չենք, ո՞վ է հանցագործություն կատարել, որ համաներմամբ ազատ արձակվի»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել էին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 258-րդ հոդված): Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել:





























