News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացել է Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթի խմբագիր, թարգմանիչ, վաստակաշատ մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Անվերջակէտ զրոյց՝ մեր գրականութեան երախտաւորներուն հետ» գրքի շնորհանդեսը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Բարձր գնահատելով վաստակաշատ խմբագրի գործը` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշել է. «Մաքրուհի Հակոբյանի այս աշխատությունը նահանջի յուրօրինակ ահազանգ է, հանրության ուշադրությունը անհետացող պոլսահայ սերնդի վրա բեւեռելու նշանակալի եւ հիմնարար գործ»: Նա հավելել է, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մշտապես բարձր է գնահատել Մաքրուհի Հակոբյանի` պոլսահայ համայնքի շնորհաշատ արվեստագետներին Հայրենիքում ներկայացնելու ջանքերը: «Շնորհիվ Ձեր նման ազգանվեր հայերի` համոզված եմ, պոլսահայ գրական եւ մշակութային կյանքը ունենալու է արժանի փոխարինողների սերունդ», - եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը:

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը կարեւորել է համայնքում ստեղծվող հայ մշակույթը տարածելուն ուղղված Մարքուհի Հակոբյանի ջանքերը:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն առանձնացրել է խմբագիր Մաքրուհի Հակոբյանի` արեւմտահայերենի բացառիկ իմացությունը: Հայերենի վտանգված այս ճյուղով լույս տեսած հարցազրույցների ժողովածուն, որը նախ եւ առաջ համայնքի եւ այնտեղ ապրած մարդկանց կյանքի վավերագրություն է, փաստագրական լուրջ արժեք է հետագա ուսումնասիրողների համար:

Բարձր գնահատելով հեղինակի նվիրումն ու հավատարմությունը խմբագրի գործին եւ հայ գրականությանը` Ա. Գեւորգյանը Մ. Հակոբյանին պարգեւատրել է Հայաստանի ժուռնալիստների միության մեդալով:

Զեկուցումներով հանդես են եկել «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Ք.Աբրահամյանը, թատերագետ Լ.Մութաֆյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Լ.Դամիրյանը եւ այլք:

Միջոցառման գեղարվեստական մասում հանդես է եկել Ստամբուլի «Սահակեան» երգչախումբը` խմբավար Սեւան Ակօշեանի խմբավարությամբ:

Տպել
Ամենաշատ