News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեեւ համաներումը տարածվում է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վրա, բայց նրան ազատ չեն արձակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը, որը անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը՝ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու մասին: Այդ որոշումը նրանք պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Բողոքի մեջ վկայակոչելու են նաեւ այն հանգամանքը, թե ինչն է պատճառը, որ համաներումը տարածվում է Վոլոդյա Ավետիսյանի վրա, սակայն նրան ազատ չեն արձակում: Այս հարցը պաշտպանական կողմը բարձրացրել էր նաեւ Վերաքննիչ դատարանում, բայց ինչպես փաստաբանը նկատեց, «բանի տեղ չէին դրել»: «Դուրս է գալիս, որ իշխանությունները չեն ցանկանում նրան ազատ արձակել, երբ համաներումը իր վրա տարածվում է:

Կամայական վերաբերմունք է, գիտենք ինչ պետությունում ենք ապրում, օրենքները ինչպես են գործում»,- ասաց Արա Զաքարյանը:

Մեկնաբանելով այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վոլոդյա Ավետիսյանին ազատ չեն արձակում իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով, փաստաբանն ասաց, որ «եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, դա նշանակում է որ դատական համակարգը կատարում է իշխանության պատվերը, այլապես ինչ է նշանակում Վոլոդյային չէինք կալանավորի, բաց կթողեինք, եթե պայմանավորվածությունը  չխախտվեր»:

Նշենք, որ «Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել էր. «Շատերի մոտ զարմանք հարուցեց այն հանգամանքը, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այդպես էլ համաներումով ազատ չարձակվեց: Բայց, ինչպես թերթը տեղեկացել է աղբյուրներից, դա արդյունք է այն բանի, որ նրա պարագայում տեղի է ունեցել պայմանավորվածությունների խախտում: Վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ բողոքի ակցիաներ անող ազատամարտիկների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, թե կոնկրետ ինչ լուծումներ են ստանում բարձրացված հարցերը եւ պայմանավորվողներից մեկը հենց գնդապետն էր: Սակայն այնուհետ, գնդապետը հանդիպել է «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների հետ, վերջիններիս նրան համոզել են, որ պետք է շարունակել հրապարակավ հանդես գալը, եւ մի բան էլ պետք է ավելի ու ավելի սուր ելույթներ ունենալ, ինչ արդյունքում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում, որն էլ դրսեւորվեց իր հետեւանքներով` դատարանի դահլիճում»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:

Տպել
Ամենաշատ