News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով համաժողովը Երևանում մեկնարկել է բողոքի ակցիայի ուղեկցությամբ։

Մոտ տասը երիտասարդներ, անգլերեն եւ հայերեն գրություններով պաստառներով հավաքվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջեւ, որտեղ ընթանում է համաժողովը եւ բողոքում են Հայաստանում կրոնական, սեռական փոքրամասնությունների եւ այլատյացության դեմ իշխանությունների քաղաքականությունից»։

Պաստառներից մեկին Էդուարդ Շարմազանովի նկարի տակ անգլերեն գրված է. «ԱԺ փոխնախագահ, իշխող կուսակցության անդամը գեյերին աջակցող բարի դեմ հարձակումը բնորոշում է որպես հայրենասիրական ակտ, որն ուղղված է ազգի պահպանմանը»։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ դահլիճ են ներխուժել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միկա Դանիելյանը, PINK Armenia կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը մի քանի այլ ակտիվիստների հետ եւ իրենց պաստառները պարզած՝ կանգնել են եվրոպացի հյուրերի առջեւ։ Ոստիկաններին չի հաջողվել կանխել ներխուժումը։

«Ավելի շատ ուզում ենք եվրոպացիների աչքերը բացենք, որ չի կարելի ամեն ինչի վրա լռել, ներսում պայքարում են այլատյացության, ատելության, ռասիզմի, անհանդուրժողականության դեմ, մինչդեռ էս երկրում հենց իշխանավորներն են լցնում ատելությամբ, կոչեր են անում, սատարում են ատելության վրա հիմնված հանցագործությունները։ Ուզում ենք ցույց տալ, որ ներսում ինչ կատարվում է, կեղծ է»,- NEWS.am-ին ասաց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը։

Մամիկոն Հովսեփյանը վստահություն հայտնեց, որ ներսում «մեր իշխանությունները հեքիաթ կպատմեն, որ մենք մեկ քայլ առաջ ենք գնում, եվրոպացիներն էլ երեւի կհաստատեն, որ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել»։

Նրա խոսքով՝ Հայաստանից «մի քանի խելամիտ ներկայացուցիչներ կան ներսում, որոնք երեւի  կբարձրաձայնեն այս խնդիրները»։

«Հետաքրքիր է, որ եթե քաղաքակիրթ երկրներում նմանատիպ կոչեր լինեին, փոխնախարարը կոչ աներ պատգամավորին խարույկի վրա այրել, նրան վաղուց ձերբակալած կլինեին։ Իսկ Հայաստանում մինիմալ պատասխանատվություն նրա դեմ չի կիրառվում։ Էսօր ու վաղը ժամանակն ա, որ վերջապես քննարկվի էդ հարցը, որպեսզի հասկանան՝ ինչքանով ա պետք Հայաստանի նման երկրի ներկայությունը ԵԽ կազմու»- ասաց նա։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ ասաց, որ ակցիայի նպատակն է Եվրոպային ցույց տալ, որ նա իրավունք չունի նման միջոցառում կազմակերպել Հայաստանում, որտեղ անհանդուրժողականությունն այնքան մեծ է, որ հարձակվում են DIY ակումբի վրա, իսկ «Կանանց ռեսուրսների կենտրոնի» անդամներին սպառնում են:

«Իշխանությունների կողմից մանդատ ստացած եվրոպացի պաշտոնյաները ֆաշիստական կուսակցության հետ չպետք է նստեն ու քննարկեն քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի հաղթահարումը»,- ասաց իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ