News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շուշիի արվեստի կենտրոնում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Գորգերի թանգարանի շնորհանդեսը: Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները:

Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաեւ հակազդելով Ադրբեջանի կողմից հետեւողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը:

Շուշիի արվեստի կենտրոնը (ի սկզբանե` «Սարգսյանց» ցուցասրահ) հիմնադրվել է 2012թ. մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի եւ կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:

Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը կարեւորելով՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը:

Պետություն-մասնավոր փոխգործակցությամբ, այսպիսով, Շուշիում ստեղծվում է մշակութային եւս մեկ հաստատություն, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծել՝ Արցախը գորգագործության ուսումնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ