Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է NEWS.am-ի հրապարակմանը՝ Բավրայի անցակետում Վրաստանի քաղաքացու մեքենայի վրա արգելանք դնելու վերաբերյալ:
ՊԵԿ մամուլի ծառայության պարզաբանման մեջ ասվում է. «Կայքի հոկտեմբերի 22-ի «Բավրայի անցակետում առանց հիմնավորման Վրաստանի քաղաքացու մեքենան վերցրել են եւ նա մոտ 20 օր է, գիշերում է փողոցում» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ Բավրայի անցակետում ձեւակերպում չստացած ավտոմեքենան 29.09.2013թ. «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հանրապետություն է ներմուծվել ՀՀ քաղաքացի Բաղդասար Խալաթյանի կողմից:
Վերջինիս կողմից կատարվող մաքսային ձեւակերպումները կասեցվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 30.09.2013թ. 01/02-5206/13 գրության հիման վրա: Տվյալ կասեցումը կիրառվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից «Հայռուսգազարդ» ընկերության պահանջով` ընդդեմ քաղաքացի Բաղդասար Խալաթյանի դատարան ներկայացված հայցով»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 20 օր է, ինչ 4 քաղաքացիներ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, գիշերում են Բավրայի անցակետում, քանի որ մաքսակետում նրանց մեքենան վերցրել են եւ ոչ մի պատասխան չեն տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը:
Նա պատմել էր, որ իր մեքենան վերանորոգելու նպատակով սեպտեմբերի 29-ին արդեն մուտք են արել Հայաստան եւ իր խնդրանքով մեքենան վարել է իր ընկեր Բաղդասար Խալաթյանը: «Ներս մտնելուց կարմիր լույս չի տվել, բայց դուրս գալիս` հոկտեմբերի 3-ին, կարմիր լույս տվեց: Ընկերս, ով իմ երաշխավորագրով վարում էր մեքենան, 2000-ին պետությանը մեքենայի մաքսազերծման գումար էր պարտք, բայց 2003թ-ից սնանկ ճանաչեցին եւ գույքի վրա արգելանք դրեցին: Հիմա ես խնդրել էի, որ իմ երաշխավորագրով իմ մեքենան վարի, բայց այսօր իմ մեքենայի վրա արգելանք են դնում: Մեքենան փաստացի իմ անունով է գրանցված ու ոչ մի հիմնավորում ու հստակ պատասխան չեն տալիս»,- դժգոհել էր Վրաստանի քաղաքացին, ով 20 օր է, ինչ 4 ընկերների հետ Բավրայի անցակետում է գիշերում:




























