Երեւանում՝ Մատենադարանի նոր շենքում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մեկնարկել է վերականգնողական եւ էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսը (ֆոտոռեպորտաժ): Քննարկման հիմնական թեման է. «Պլաստիկ վիրաբուժության նորագույն տեխնոլոգիաները»: Վիրաբույժների աշխատանքը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 26-ը:

Բացման արարողությանը Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Պողոսյանը ընթերցել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղերձը, որում, մասնավորապես, հույս է հայտնվում, որ Կոնգրեսը կամրապնդի տարածարջանի մասնագետների միջեւ կապերը եւ համագործակցության նոր հեռանկարներ կստեղծի: Նախարարի խոսքով՝ Կոնգրեսը նաեւ լավ հարթակ կլինի վերականգնողական պլաստիկ վիրաբուժության ոլորտում էսթետիկ եւ փորձի ուսումնասիրման եւ փոխանակման համար:

Կոնգրեսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ռուսաստանցի հայտնի վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ, «Մեծ մարդ եւ մեծ հումանիստ» հանդիսացող Առնոլդ Ադամյանի հիշատակը, որը վախճանվել է նախորդ տարվա վերջին:

Ինչպես իր ելույթում նշել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը, պլաստիկ վիրաբուժությունը արագ զարգացող մասնագիտացում է: «Տարեց տարի պլաստիկ վիրաբուժությունում, էսթետիկ բժշկությունում ներդրվում են նորանոր տեխնոլոգիաներ եւ մենք հետաքրքրված ենք դրանք Հայաստանում եւս զարգացնելու»,-ընդգծել է նա, հույս հայտնելով, որ Կոնգրեսը կլինի հերթական նվաճումը՝ գիտության զարգացման եւ բարեկամության կառուցման առումով:

Կոնգրեսի եռօրյա աշխատանքների ընթացքում կանկացվեն ինը դասախոսություններ եւ կընթերցվեն առաջատար մասնագետների 56 գիտական զեկույցներ: Տեղի կունենան քննարկումներ վերականգնողական  էսթետիկ վիրաբուժության,  դերմատոկոսմետոլոգիայի ասպարեզում նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների կիրառման ու ներդրման հարցերի շուրջ, վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների, ինչպես նաեւ տարիքային ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդների արդյունավետ կիրառման մասին: Կոնգրեսին մասնակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Թուրքիայի եւ այլ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հայ բժիշկների ավանդական գործընկերներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից, Միջին Ասիայից:

Կոնգրեսի հովանավորներն են Karl Storz վիրաբուժական եւ օպտիկական սարքերի արտադրողը, ինչպես նաեւ պլաստիկ վիրաբուժությունում կիրառվող իմպլանտների եւ նյութերի արտադրող «ՆԻԿԵ MED»-ը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am