Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միությունում:

«Թուրքիայի նախագահը դիմել է ինձ՝ Մաքսային միությանն անդամակցելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային»,-ասել է Նազարբաեւը Մինսկում:

Նրա խոսքով՝ արտերկրում լինելով, իրեն հաճախ են դիմել այն հարցով, որ «մենք սեղծում ենք ԽՍՀՄ կամ ինչ-որ նման բան»: «Գուցե, ընդունենք Թուրքիայինմեծ երկիր է եւ խոսակցությունը կվերջանա»,-առաջարկել է Նազարբաեւը Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նազարբաեւը նաեւ առաջարկել է լուծարել Եվրասիական տնտեսական հանրությունը՝ ԵվրԱզԷՍ-ը, քանի որ անհրաժեշտություն չկա, որ զուգահեռաբար գոյություն ունենան նմանատիպ երկու կազմակերպություններ:

ԵվրԱզԷՍ-ի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Մինչդեռ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Եվրասիական միությունը, որը ծրագրվում է ստեղծել 2015-ին, պետք է երեք պետությունների տնտեսական ինտեգրման ավելի առաջադեմ ձեւը լինի:

Նրա կարծիքով՝ «Հայաստանը եւս պետք է անցնի բոլոր գործընթացները, որոնք անցել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, եւ դառնալ Մաքսային միության անդամ»: