News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը սկսում է նոր նախագիծ՝ «Հայաստանը Արիանայի աչքերով»։ Ֆիլիպինցի շախմատիստուհուն հայերը ճանաչում են որպես Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի եւ համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհի։ Քչերը գիտեն, որ Արիանան այժմ բնակվում եւ աշխատում է Հայաստանում, եւ Երեւանում նրան այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել, քան նույնիսկ սիրված շախմատիստին։ Ամեն ուրբաթ NEWS.am-ում Արիանան կպատմի մեր երկրի մասին իր տպավորությունները, Հայաստանում բնակվելու եւ աշխատելու դժվարություններն ու հմայքը կներկայացնի Հայաստանին սիրահարված օտարերկրացու աչքերով։

Արիանա Կաոիլի՝ համառոտ կենսագրություն

Ֆիլիպինցու եւ հոլանդացու ընտանիքում ծնված Արիանան տնտեսագետ է Ավստրալիայից, Օլիմպիական խաղերին մասնակցած շախմատիստ, ձեռներեց եւ ջազի սիրահար։  Նա աշխատում է որպես մենեջմենթի գծով խորհրդատու մասնավոր եւ հանրային հատվածներում, մասնագիտական եւ ակադեմիական հետաքրքրություններ ունի բիզնեսի եւ հանրային կառավարման հարաբերման ոլորտում։

Արիանան ծնվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, ճանապարհորդել է աշխարհով մեկ, աշխատանքի, ուսման բերումով, նաեւ շախմատի մրցումների մասնակցելու նպատակով, երբեմն էլ՝ ընտանիքի բնակության վայրը փոխելու պատճառով ապրել է  Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ֆիլիպիններում։ Արիանան հետաքրքրվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությամբ, մրցակցային քաղաքականությամբ, վարքագծային տնտեսագիտությամբ եւ քաղաքական փիլիսոփայությամբ։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել պարահանդեսային պարերով, մարտարվեստներով, սիրում է համեղ պատրաստել եւ խմել գինի։


Հայացում. գործընթացն սկսված է

«Կատակ ես անո՞ւմ», - մայրս ականջներին չէր հավատում, երբ հերթական հեռախոսազրույցի ժամանակ ես նրան իմիջիայլոց տեղեկացրի, որ այս եւ հաջորդ տարին անցկացնելու եմ Հայաստանում, ապրելու եւ աշխատելու եմ այստեղ, որ հետաձգել եմ այս տարվա հոկտեմբերին սկսվելիք Օքսֆորդի համալսարանի այդքան ցանկալի ակադեմիական ծրագիրը : Ընկերներս ու գործընկերներս որոշումս ընդունեցին նույն թերահավատությամբ, ոմանք՝ անթաքույց քամահրանքով. չեն հասկանում, թե ինչպես կարելի է հեռանալ Ավստրալիայից՝ աշխարհի ամենաերջանիկ երկրից (ըստ ՏՀԶԿ «Ավելի լավ կյանք» վերջին զեկույցի), որն «Էկոնոմիստը»  համարել է 2013-ին երկրորդը «Ծնվելու համար լավագույն վայրերից»: Թեև այս ցուցիչներին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, դրանց մեջ կա ճշմարտություն, որը կարծես թե արձագանք է գտնում օտարերկրացիների ու անգամ հայերի շրջանում:

Լեւոնի ընտանիքնէլ փորձում է հասկանալ՝ արդյոք չե՞մ խելագարվել, իսկ Երեւանի գործընկերներիցս մեկը կարծում է, որ ես կարող էի անմահանալ որպես առաջին մարդը, ով Երեւանում աշխատելը նախընտրել է Օքսֆորդի համալսարանում սովորելուն, Հայաստանը նախընտրել է Ավստրալիային: Լեւոնի մի քանի ընկերներ անամոթաբար գրազ են եկել, թե ինչքան կդիմանամ: Բայց ես ինձ թույլ չեմ տա ենթարկվել նմանօրինակ զանգվածային ճնշման:

Մարտին Լյութեր Քինգն ասել է. «Եթե մարդ չի գտել այն, հանուն ինչի պատրաստ է կյանքը տալ, ուրեմն դեռ պատրաստ չէ ապրել»:  Հայաստանում յուրահատուկ զարկերակ կա, ու այն շատ ուժեղ է: Դա ավելի բարձր, ավելի մեծ նպատակի ձգտումն է, որով հավասարապես համակված է ամբողջ հասարակությունը՝ վերից վար: Ես չեմ կարող շոշափել այդ զարկերակը, բայց ուզում եմ որսալ այն, ինչ ունեն հայերը, ինչպես ուզում եք անվանեք դա: Երեւանում ես զգում եմ, թե ինչպես են մարդիկ պահում ավելի լավ Հայաստանի հույսը, ու հենց այս հույսն է, որ նպատակի գիտակցում է հաղորդում նրանց կյանքին:

Վերջերս ես ներկա էի Ջիվան Գասպարյանի համերգին եւ չեմ հիշում, թե երբեւէ նման հզոր բան զգացած լինեմ (թեեւ 2012 թ. Շախմատի օլիմպիադայում, որտեղ Հայաստանի հավաքականը փառապանծ հաղթանակ տարավ, Ստամբուլում հայկական դրոշի բարձրացման արարողությանը ներկա գտնվելն իսկապես արտառոց էր, եւ, համարձակվում եմ ասել՝ մինչև արցունքները կհուզեր հայերի մեծ մասին): Դուդուկի մի քանի հնչյունը բավական է, որ լցվես հայերի սրտում դաջված հույսը իրականություն դարձնելու պարտավորության անդիմադրելի զգացումով:

Երեւանի պես միշտ կենդանի քաղաքում ապրելը առույգացնում է, հատկապես գիշերները։ Բայց խոսքը միայն երեկույթների եւ քաղաքային կյանքին հատուկ զվարճանքների մասին չէ, երբ մարդիկ ամբողջ շաբաթ աշխատում են՝ կաշվից դուրս գալով, որպեսզի մի քանի կաթիլ հաճույք վայելեն սովորաբար միայն շաբաթ օրերին՝ համեմված անհիմն թանկ կոկտեյլներով, արհեստական զրույցներով ու օդում կախված սթրեսով (Նյու Յորքն ու Սիդնեյը սա շատ լավ են անում), ոչ էլ անհոգ լողափնյա կյանքի, որը բնորոշ է Քվինսլենդին, որտեղ անցկացրել եմ մանկությանս մի քանի տարիները։ Քվինսլենդը հայտնի է իր ծույլ ու արեւոտ ծովափնյա կյանքով, արեւայրուքով ու դաջվածքներով պատված մարմիններով, որոնք ճեմում են լողափին՝ ցուցադրելով իրենց,  ու ժպտալիս մի քիչ չափն անցնում են, որովհետեւ կյանքն այնքան հիասքանչ է։ Չէ, Հայաստանում մարդկանց մեջ ինչ-որ հատուկ կիրք կա, որը մշտապես շրջանառվում է նրանց երակներով՝ հույսով ձգտելով դեպի լավ ապագան ու ներշնչվելով անցյալից։  Սա այնքան էներգիա եւ մոտիվացիա է տալիս, որ ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում լինել։

Գիտակից կյանքում իմ առաջին առնչությունը հայկականի հետ դեռ 2000թ.-ին էր, երբ ես՝ ծղրիդի չափ մի աղջիկ, Թուրքիայում ընթացող Շախմատի օլիմպիադայում Ֆիլիպիններն էի ներկայացնում առաջին տախտակի մոտ եւ մրցում էի Լիլիթ Մկրտչյանի հետ։ Խաղն ավարտվեց ոչ ոքի։ «Ձվից նոր դուրս եկած» մի թիզ աղջկա համար դա վատ արդյունք չէր, բայց թերեւս ամենացանկալի արդյունքը չէր Հայաստանի մեծ ու հզոր հավաքանակի համար։ Եվ, իհարկե, ես հաճույք են ունեցել Հայաստանի հետ նաեւ ակադեմիական առնչության՝ այնպիսի լեգենդար պատմաբանների գործերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, Ռոնալդ Սյունին, Դեւիդ Մարշալ Լանգը եւ Ջորջ Բուռնությանը։

Առաջին անգամ Երեւան եկա 2007թ. գարնանը, երբ Լեւոնը հաղթեց Կրամնիկին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում։ Ամենից շատ իմ մեջ տպավորվել են կենացները՝ կրքոտ, երկարաշունչ, ընկերներին ու ծնողներին ուղղված ամենապարզ բարեմաղթանքներից մինչեւ ցնծությունը՝ Հայաստանի ապագայի համար։ Հայկական կենացների իմ վաղ փորձին հաջորդած ոչ հայկական խնջույքները ինձ համար արդեն ոչ հոգի ունեին, ոչ էլ հմայք։

Առաջին տպավորությունը Հայաստանից այնպիսին է, ասես սա մարդու մասնատված մարմին լինի, որի սիրտը սփռված է աշխարհով մեկ, ահռելի ուժով արյուն (եւ փող)  մատակարարելով հայրենիքին, իսկ Երեւանը ուղեղն է, որը ղեկավարում է երկիրը տնտեսապես ու քաղաքականապես։  Հայաստանի երակները ձեւավորել են նրա արվեստի եւ մտքի հրաշալի հսկաները, դրանցով հոսում է Հայաստանի պատմությունը՝ որպես այս ժողովրդի էներգիայի եւ հույսի էությունը սերնդեսերունդ փոխանցող գեղեցիկ ու ողբերգական միջոց։ Բայց Հայաստանի հոգին կգտնես Երեւանից դուրս՝ վաղուց մոռացված գյուղերում, նրանց խոհանոցում ու բնության մեջ, ինչը շատ հաճախ անտեսում են զբոսաշրջիկները։

Իմ առաջին ճամփորդությունը Հայաստանի գյուղեր 1981թ. արտադրության խարխուլ Վոլգայով էր, Խաչատուրյանի՝ օդը ճեղքող հիասքանչ «Դիմակահանդեսի» մոտիվներով, որն ընդհատվում էր հանկարծակի ցնցումներով, երբ իմ ընկեր վարորդը արգելակում էր, որ դանդաղաշարժ կովերի նախիրը չհայտնվի գյուղի հաջորդ խնջույքի սեղանին։

Յոթ տարվա ընթացքում ես անընդհատ Հայաստան եմ վերադարձել՝ տոնելու Հայաստանի շախմատի ազգային հավաքականի բազմաթիվ ոսկե մեդալները, աշխատելու հետխորհրդային Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների մասին իմ թեզի վրա եւ վայելելու խորովածի ու խեցգետնի իմ արդար բաժինը (անկասկած՝ մի քանի կիլոգրամ)։ Ես ավելի հեռու եմ գնացել. Չարբախի մարզասրահներից մեկում թեքվոնդոյի եմ գնացել դեռահասների խմբի հետ, հեռավոր գյուղերում թան եմ խմել հովիվների հետ եւ այնքան դասական ռաբիս եմ լսել, որ երգերի մեծ մասի բառերը կարողանում եմ երգել մի քանի նոտայից հետո։ Վերջին հարսանիքներից մեկի ժամանակ Լեւոնի մոտ ընկերներից մեկը հարցրեց. «Ինչպես նա կարող է հայ չլինել, եթե կարողանում է այդպես պարել ռաբիսի տակ»։

Սակայն Հայաստանում ապրելն ու աշխատելը բոլորովին այլ պատմություն է։  Սա ամռանը Գլենդեյլից, Փարիզից կամ Սիդնեյից Հայաստան գալ չէ. ես դեռ պետք է դիմանամ ձմռանը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ես ուղղակի սարսափած եմ՝ 1990-ականների սկզբի ճգնաժամի մասին պատմությունները կարդալով, եւ վախի այն չափը, որ ծնվում է խաղաղօվկիանոսյան տապին սովոր իմ մարմնից, լիովին արդարացված է։

Իմ հայացման գործընթացն սկսված է։ Թեեւ ճամփորդել եմ 60-ից ավելի երկրներում եւ ապրել ամենատարբեր վայրերում, բայց ոչ մի տեղ ես ինձ ավելի տանը չեմ զգացել, քան Երեւանում։ Մենեջմենթի գծով խորհրդատուի իմ աշխատանքում հնարավոր չէ պատկերացնել ավելի հետաքրքիր վայր՝ հանրային կառավարման խելամիտ քաղաքականություն ծրագրելու, մշակելու եւ իրականացնելու համար՝ հնարավորություն վայելելով ներսից տեսնել տարածաշրջանային զարգացման իրական հիմքերը, այն էլ՝ այնպիսի առանձնահատուկ վայրում, ինչպիսին Հայաստանն է՝ հաշվի առնելով առկա աշխարհագրական եւ քաղաքական առանձնահատկությունները։

Հայաստանը անսահման գայթակղիչ դասեր է տալիս՝ պատմության, մշակույթի, ընտանիքի եւ հատկապես՝ հույսի կարեւորության եւ կենսականության վերաբերյալ. կարծում եմ՝ հենց այդ հույսի զգացումն է սիրտս ստիպում ավելի արագ բաբախել՝ ներշնչանքի օրական չափաբաժին ներարկելով։  Ինչ վերաբերում է ձմռան ցուրտ ամիսներին, որով ինձ այդքան փորձել են վախեցնել, հույս ունեմ, որ ինձ կջերմացնեն հայ ժողովուրդն ու նրա խանդավառությունը (եւ որ ջեռուցումը կաշխատի)։

Արիանա Կաոիլի

Հոդվածը թարգմանվել է անգլերենից, բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ