Պետբյուջեից առողջապահության ոլորտի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդգրկուն ծրագրեր իրագործել: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ըստ նրա՝ ընդգրկուն ծրագրերն ուղղված կլինեն սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշմանը. «Դա աննախադեպ ծրագիր կլինի, որում ներգրավված կլինի Հայաստանի բնակչության 50%-ը»: Նախարարը նշել է, որ մինչեւ տարեվերջ Կառավարության քննարկմանը կներկայացվի պարտադիր բժշկական ապահովագրմանն անցում կատարելու նախագիծը, որը կներդրվի 2015թ.:
ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչու են պետծառայողների սոցփաթեթների ծրագիրը իրականացնում մասնավոր ընկերությունները: Նա նաեւ նշել է, որ բյուջեից ամենամյա 8 մլրդ դրամ է հատկացվում սոցփաթեթների համար, սակայն նախորդ տարի այդ գումարից միայն 800 մլն է հիվանդանոցներին փոխանցվել, մնացած 7,2 մլն դոլարը ծառայել է ապահովագրական ընկերությունների ռիսկերի սպասարկմանը:
Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ հիվանդանոցներին հատկացվող գումարը եռակի ավելացել է. «Մենք չենք վերահսկում միջոցները, սակայն կվերանայվի այն բուժհաստատությունների հետ համագործակցությունը, որոնք խախտել են պայմանները»:
Նա նաեւ հավելել է, որ պետական աշխատողները շատ պասիվ են եւ լիարժեք չեն օգտվում բժշկական ապահովագրությունից: