Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին վթարի ենթարկվելուց հետո տարածքում տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր են տեղադրում: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:

Նա նշեց, որ Եղվարդ քաղաքի ճանապարհահատվածին 5 տեսախցիկ է տեղադրվում, բայց դա վթարի հետ կապ չունի: «Պլանավորված գործողություն է, արվում է ամբողջ հանրապետությունում,  ճանապարհներին նման աշխատանքներ են կատարվում»,- ասաց Սուրեն Խուդոյանը:

Սուրեն Խուդոյանն ասաց, որ թե արագաչափ սարքերը, թե տեսախցիկների տեղադրումը իրենց հետ կապ չունի, դա անում է Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման բաժինը: Միեւնույն ժամանակ, Սամվել Խուդոյանը շեշտեց, որ վթարի ժամանակ այդ ճանապարհին տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր չեն եղել, դրանք հիմա են տեղադրվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: