Նոյեմբերի 11-ին Լեհաստանի ազգային տոնի ընթացքում Անկախության ավանդական երթն ավարտվել է անկարգություններով եւ ռուսական դեսպանատան վրա հարձակումով: Վարշավայի կենտրոնական փողոցներից մեկում ցուցարարների խմբից անջատվել է երիտասարդների մի խումբ եւ հարձակվել ձախ ակտիվիստների վրա: Գործի են դրվել դյուրավառ նյութեր եւ քարեր: Ոստիկանությունը մահակներ է կիրառել:

Այրվել են մի քանի մեքենաներ: Երթի մասնակիցները դյուրավառ նյութերով գրոհել են Վարշավայում ռուսական դեսպանատան վրա: Այրվել է դեսպանատան պահակակետը, սակայն դեսպանտան բուն տարածքում  վնասներ չկան: Հարձակվողներին հանդարտեցնելու նպատակով` ոստիկանությունը ջրցաններ է կիրառել, հայտնում է Euronews-ը:

Ոստիկանություն են տարել երթի 32 մասնակցի: Նրանցից երեքը պատասխան են տալու ռուսական դեսպանատան մոտի ավերածության համար, հայտնում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 «Էխո Մոսկվին» հաղորդում է, որ Վարշավայում անկարգություններից հետո, Մոսկվայում ուժեղացվել է Լեհաստանի դեսպանատան պահպանությունը:  Մոսկվայի իշխանությունները  մտավախություն ունեն, որ որեւէ մեկը կփորձի վրեժխնդիր լինել Վարշավայում ռուսական դեսպանատան վրա հարձակվելու համար:  Շենքի շուրջբոլորը ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ են հերթապահում: