News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դեռեւս աշխատում է վթարի մոդելավորման վրա: Նա Կոտայքի մարզի դատախազություն է ներկայացրել միջնորդություն՝ վերացնելու կամ փոփոխելու Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: Փաստաբանը ներկայացրել է բազմաթիվ երաշխավորագրեր, ինչպես նաեւ մեկնարկած ստորագարհավաքի արդյունքում հավաքված հազարավոր ստորագրություններ: Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

Պարոն Բաղդասարյան, ի՞նչ նորություն կա Վերաքննիչ դատարան, մարզի դատախազին, ոստիկանապետին ներկայացված ձեր դիմումներից, բողոքներից:

Այսօր տեղեկացա, որ գործն արդեն ուղարկվել է Վերաքննիչ դատարան, ոստիկանապետից եւ դատախազից դեռ պատասխան չկա: Լրացուցիչ նամակ եմ գրել փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանին, որտեղ

փաստարկել եմ՝ ինչ է տեղի ունեցել եւ իրականում ոչ թե ես եմ թույլ տվել խախտում, այլ քննչական մարմինները չեն կատարելու իրենց գործառույթները: Ինչ վերաբերում է ձերբակալման որոշումը բողոքարկելու իմ դիմումին, ապա ես դեռ այն չեմ ստացել, ինձ բանավոր հայտնել են, որ դատախազությունը այն ուղարկել է քննչական բաժնին, որ հանձնեն ինձ, իսկ քննիչը ասել է, որ իր մոտ չկա: Եթե քննիչը ասում է, որ ես այն ստացել եմ, ապա թող բարի լինի եւ ցույց տա մի փաստաթուղթ որը հիմնավորում է, որ ես այն ստացել եմ, դա կլինի ստացական թե անդորրագիր:

Ի դեպ, քննիչը մեզ հետ զրույցում նշել է, որ Վարդան Պետրոսյանը դատարանում ներողություն է խնդրել իր ասածների, արածների համար, նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:

Ոչ, նման բան չի եղել, Վարդանը ներողություն չի խնդրել իրենից, քննիչը դատարանում երբեւէ երկար ժամանակ չի շփվել Վարդանի հետ, նա գտնվել է առաջին հարկում, բարձրացել է վերեւ, երբ դատարանը վերադարձել է խորհրդակցական սենյակից: Քննիչի կողմից բերված փաստարկները, որ վարվել է օրենքի շրջանակներում, չեն համապատասխանում իրականությանը, մենք բոլոր փաստերը ներկայացրել ենք, կարող եք ցանկացած իրավաբանի հարցնել, թե ով է ճիշտ: Մինչ օրս նա Վարդան Պետրոսյանին չի տրամադրել փորձաքննություն նշանակելու որոշումը, դա օրինակա՞ն է: Եւ եթե նա հայտարարում է, որ ուրախ չէ մեզ տեսնելու կամ այս գործը քնելու համար, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս ինքնաբացարկ հայտնել: Եթե ուրախ չէ տեսնելու, դա արդեն  խոսում է իր անաչառության մասին, նա չի կարող այլեւս անաչառ քննիչ համարվել:

Նշանակված փորձաքննություններից որո՞նց եզրակացություններն են ձեզ տրամադրվել, կարող՞ եք նախաքննությանը չխոչընդոտող որոշ մանրամասներ հաղորդել:

Դատաբժշկական փորձաքննության մասով նշեմ, որ մենք հիմա հասկացել ենք, թե ինչի են ձգձգում եւ մեզ պատասխանը չէին տրամադրում: Փորձ էր կատարվել կատարել անօրինականություն, բայց մենք դրա դեմը առել ենք, այս պահին չեմ կարող ավելի ասել, միայն կնշեմ, որ էլի փորձել են ոչ օրինական ճանապարհով արհեստական ապացույց ստեղծել: Ես ցանկանում եմ բոլոր հնարավոր ապացույցները ձեռք բերել եւ ներկայացնել, թե ինչ հունով են ցանկանում տանել գործը, որպեսզի պարզ լինի, որ մարդուն սկզբից մեղադրանք են առաջադրում, հետո արհեստական ապացույցներ որոնում:

Մեր ձեռքի տակ է տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությունը, Վարդանից մազի նմուշ եւ արյան նմուշ են վերցրել՝ պարզելու՝ թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ: Պատասխանը եղել է բացասական, իսկ արյունը, քանի որ ուշ են վերցրել, հնարավոր չի եղել պարզել՝ ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ: Բայց դեպքից հետո Եղվարդի հիվանդանոցում օդի միջոցով քննիչի մասնակցությամբ ստուգել են նրա ալկոհոլ օգտագործած լինել, չլինելու հանգամանքը, եւ պարզվել է, որ նա սթափ վիճակում է գտնվում:

Դատավտոտեխնիկական փորձաքննության բովանդակությունը չեմ կարող մանրամասն բացահայտել: Միայն նշեմ մեկ հանգամանք, փորձաքննությամբ պարզվել է, որ «ՎԱԶ-21214» մակնիշի վարորդի ցուցմունքի ելակետային տվյալները չեն համապատասխանում փորձաքննության տվյալներին, մասնավորապես այն, որ նա մեքենան աջ է քաշել, կանգնել, փոխանցումը դրել է նեյտրալ դիրքին, դա չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, լրատվամիջոցներում կա այդ ավտոմեքենայի լուսանկարներից, որտեղ  երեւում է, որ մեքենայի ձախ եւ աջ դիտարկման ապակիները բացակայում են, իսկ վթարը եղել է  ետեւից, չի երեւում, որ դրանք կոտրվել են վթարի արդյունքում: Այս պահին մենք գրություն ենք ուղարկել «Լադա» սերվիս, բանավոր հարցումներ ենք ուղարկել, թե արդյոք տեխնիկական տեսակետից թույլատրելի է առանց ապակիների մեքենա վարել, թե ոչ: Մի շարք հարցեր են առաջացել, օրինակ՝  թույլատրելի է վեց հոգով գտնվել սրահում, թե ոչ, սրանց պատասխանները ստանալուց հետո կտրամադրենք մամուլին:

Դատավտոտեխնիկական փորձաքննության մեջ ամրագրվել է, որ Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը եղել է 71 կմ/ժ, իսկ քննիչի կողմից տրամադրվել է, որ այդտեղ թույլատրելի արագությունը եղել է 60 կմ/ժ,  քանի որ դա համարվել է բնակավայր։ Բայց Վարդանի մեքենայի  արագությունը գերազանցումը այն պայմաններում է արձանագրվել, երբ «Նիվա» մակնիշի մեքենան եղել է  կանգնած  վիճակում, այսինքն՝ 71 կմ/ժ-ը ֆիքսվել է երկու մեքենաների բախման պահին, իսկ եթե «Նիվան» գտնվել է շարժման մեջ, օրինակ՝ հետընթաց կատարելիս, ապա Վարդանի արագությունը կնվազի այն չափով, ինչքան «Նիվայի» արագությունն է, օրինակ՝ եթե «Նիվայի» արագությունը լինի 10կմ/ժ, ապա Վարդանի մեքենայի արադությունը կստացվի 60կմ/ժ։  Մեր կողմից հարցականի տակ է  այն հանգամանքը, թե այդ տարածքը եղել է բնակավայր, թե ոչ։ Պաշտպանական կողմը խնդիր է տեսնում նաեւ այն առումով, որ չի տեղադրվել անհրաժեշտ ճանապարհային նշանները, եթե բնակավայր է, ապա պետք է ճշտել թե ով էր պարտավոր այդտեղ նշաններ տեղադրել, որ չի տեղադրել եւ արդոք այդ նշանների չտեղադրումը վթարի պատճառ է հանդիսացել։ Այդտեղ բնակավայրի մուտքի եւ ելքի նշանները տեղադրվել են դեպքից հետո։

Օրերս Վարդան Պետրոսյանի կալանքին անդրադարձավ նաեւ նախագահը, այնուհետեւ Գլխավոր դատախազությունը՝ հայտնելով, որ հանձնարարական են ստացել վերանայել կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը: Ինչպե՞ս եք վերաբերում դրան, չե՞ք կարծում, որ եթե նախագահն է անդրադարձել այդ հարցին, ապա դերասանի խափանման միջոցի հարցը արագ կլուծվի, բայց ոչ թե ձեր ներկայացրած միջնորդությունների արդյունքում, այլ նախագահի:

Դրական եմ գնահատում այդ հայտարարությունները, ի վերջո այս տիպի հանցագործությունների դեպքում չի կարելի, որ խափանման միջոց կալանքը պատժի տարրեր կրի իր մեջ, մինչդեռ դատավորի որոշումից բխում է, որ այն ունի պատժի տարրեր, ինչը Եվրոպական կոնվենցիայի խախտում է: Իմ  միջնորդությունն է դերակատարում խաղում, թե նախագահինը, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվի՝ անկախ նրանից ով է միջամտել՝ նախագահը, թե ես:

Նորից տեսակցե՞լ եք Վարդան Պետրոսյանին, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

Ոչ, զբաղվածության պատճառով չեմ կարողացել տեսնել նրան, բայց իմ տեղեկություններով՝ առողջական վիճակում փոխոփություն չկա:

Ի՞նչ տեղեկություններ ունեք Վարդան Պետրոսյանի ընտանիքի եւ վթարի հետեւանքով երկու երեխա կորցրած Հակոբյանների ընտանիքի հարաբերությունների մասին, նրանք հանդիպե՞լ են, զրուցե՞լ են: 

Քանի որ ծանրաբեռնված եմ դատավարական մասով, ավելի շատ աշխատում եմ մոդելավորման  վրա, որպեսզի ձեռք բերեմ լրացուցիչ ապացույցներ, տեղեկացված չեմ՝  հարազատները ինչ հարաբերություն ունեն ընտանիքի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ