News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բագրատունյաց 7 եւ 8 շենքերի միջեւ կառուցվող խայտառակ կամուրջը չի քանդվելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, բնակիչների հետ հանդիպմանն ասաց փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ Նրա խոսքով՝ մի քանի բնակչի անհարմարավետությունը պատճառ չէ քաղաքապետարանի շինարարական ծրագիրը չիրականացնելու համար։

«Եթե որեւէ ծրագիր իրականացնում ենք, շատ հնարավոր ա, որ որեւէ բնակչի հարմարավետությանը մենք էդտեղ կպնենք։ Դե հիմա էս պարագայում շատ չի։ Մեկ, երկու կամ երեք, չորս»,- ասաց փոխքաղաքապետը։

Բնակիչների հարցին, թե ինչու նախագիծն սկսելուց առաջ իրենց հետ չեն համաձայնեցրել, փոխքաղաքապետը պատասխանեց. «Սիրելիս, Երեւանն ունի մեկ միլիոն 200 հազար բնակիչ, եթե յուրաքանչյուր մեր որոշում, յուրաքանչյուր մեր ծրագիր քննարկենք անհատական բնակիչների էդքան երեւանցիների հետ, մենք մեր բանուգործը պիտի թողնենք, ուղղակի ընկնենք քննարկումներով»։

Բնակիչներից մեկի դիտարկումը, թե քաղաքի տերը հենց «անհատական բնակիչն է», եւ այդ «անհատական բնակիչն» է վճարում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, փոխքաղաքապետին դուր չեկավ։ Նա տեղում եզրակացրեց, որ քաղաքացին շենքի բնակիչ չէ.

«Էս քեզ ուղարկե՞լ են։ Ուղարկե՞լ են Ձեզ»,- հարցրեց նա, հետո զարմացավ, երբ հարեւաններն ասացին, որ  քաղաքացին Բագրատունյաց 8 շենքի բնակիչ է։

Փոխքաղաքապետը կարծում է, որ եթե բնակիչները մինչեւ հիմա դիմացել են շենքի տակ կանգնող մարմնավաճառներին, ուրեմն կամուրջի վրայով անցնողների հայհոյանքներին կդիմանան առանց դժվարության։

«Եթե ուզում եք անկեղծ խոսանք, այ հենց ստեղ ավելի վատ բաներ են լինում»,- ասաց փոխքաղաքապետը՝ մոռանալով, որ մարմնավաճառներին բնակելի շենքի բակից հեռացնելը հենց քաղաքապետարանի գործն է։

Փոխքաղաքապետի հետ եկել էր «Կամուրջշին» ընկերության ղեկավար Վլադ Ասատրյանը, որը շինարարությունից բացարձակապես տեղյակ չէր, բայց խոստացավ ուսումնասիրել եւ լուծում առաջարկել։

Հիշեցնենք, որ Բագրատունյաց 7 եւ 8 շենքերի բանկիչները դժգոհում են, որ նոր կամուրջի աստիճաններն իրենց բաց պատշգամբներից 50 սմ հեռու են, ինչը բնակարանային գողերի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում, բացի դրանից բնակիչների տան անցուդարձը տեսանելի է դարձնում կամուրջի վրայով անցնողներին։ Խաչմերուկի մյուս կողմում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետն է, ու այդ կողմում կամուրջը կառուցելու դեպքում նվազագույնի կհասցվեր բնակիչներին պատճառվող անհարմարությունը։

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ փոխքաղաքապետը խնդրի մասին զեկուցել է քաղաքապետին։

Տպել
Ամենաշատ