News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնականատերերը նոյեմբերի 14-ին, ժամը 12։20 մոտ 30 հոգով ներխուժեցին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ` պահանջելու վերադարձնել իրենց բնակարանները, հայտարարելով, որ այլապես իրենք կգիշերեն բանկում:

Բանկի աշխատանքը դադարեցված է: Բանկի անվտանգության աշխատակիցները խնդրեցին բնակիչներին դուրս գալ փողոց և այնտեղ սպասել, սակայն բնակարանատերերը հրաժարվում են դուրս գալ, ասում են, որ այստեղ քնելու են, ուտելու են եւ կեղտոտելու են։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ մոտ 12։30 ժամանեց ոստիկանությունը, նրանք փորձում են դուրս բերել խաբված բնակարանատերերին շենքից։

Երգիչ Արթուր Իսպիրյանը NEWS.am-ին ասաց, որ ինքը 100 հազար դոլարանոց բնակարանի ամբողջ գումարը վճարել է 8 տարի առաջ, ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակարանի վկայականն իրեն չեն տալիս եւ նա չի կարողանում բնակարան մտնել, քանի որ շենքը գրավադրված է բանկում։

Այս պահին բնակիչներից մի քանիսը բանկի կառավարիչի մոտ են։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ