News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի գործով դեռեւս կասկածյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ տարածքում ապրողներ, հնդիկ երիտասարդին եւ հայուհուն ճանաչողներ: Հարցաքննվել է նաեւ Աստղիկը, ով պատմել է իր եւ Դենիշի հարաբերությունների մասին: Առայժմ նախաքննության տվյալներով՝ հնդիկ երիտասարդն է սպանել իրեն եւ վնասվածքներ հասցրել աղջկան, թեեւ չի բացառվում, որ ամեն րոպե նոր փաստեր ի հայտ գան եւ կասկածյալներ, մեղադրյալներ լինեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Նոր Արեշի 17-րդ եւ 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում: Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի եւ կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Ա. Ա.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված տղամարդու դիակ: Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ