News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը մշակվել է 10 տարիների ընթացքում՝ լավագույն մասնագետների ներգրավվածությամբ, եւ գործադիրը մտադիր չէ փոխել այն։ Այս մասին նոյեմբերի 29-ին Դիլիջանում մեկնարկած «Բիզնես ինովացիոն ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Բազմաթիվ դեբատներ են եղել, քննարկումներ են եղել, աշխարհի լավագույն էքսպերտները եկել են Հայաստան,ուսումնասիրել են մեր մշակած ծրագիրը, տվել են եզրակացություններ, հանդես են եկել դասախոսություններով, այդ թվում նաև համալսարաններում, մենք լսել ենք մեր ընդդիմախոսներին, նրանց կարծիքները հաշվի ենք առել, արդյունքում ընդունվել է մի հայեցակարգ, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից օրենքների ձևով»,- ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրենք հարգում են այդ համակարգի ընդդիմախոսների տեսակետը, սակայն պարտավոր են առաջ գնալ օրենքի պահանջներին համապատասխան. «Ցանկացած դեմոկրատական հասարակությունում լինում են մարդիկ, որոնք դեմ են այս կամ այն երևույթներին, մենք շատ հարգալից ձևով լսում ենք նրանց կարծիքը, բայց մենք վճռական ենք մեր տրամադրություններում , ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարտին»:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ էլ էին բողոքում, սակայն «համակարգի ներդրումից երկու ամիս հետո քաղաքացիների մեծամասնությունը շնորհակալություն հայտնեց համակարգի ներդրման համար»։

«Ցանկացած նորամուծություն, ցանկացած վարքագծի փոփոխություն հանդիպում է այդպիսի ընդդիմության, բայց քաղաքական կամքը այստեղ է պետք, երբ մենք վստահ ենք, որ սա ճիշտ ռեֆորմ է, և այդ ռեֆորմը պետք է վճռականությամբ տանենք առաջ, և հասարակության ճնշող մեծամասնությունը մեզ աջակցում է»- ասաց վարչապետը:

Լրագրողի դիտարկմանը, որ ՏՏ ոլորտի մասնագետները սպառնում են արտագաղթել, եթե չհետաձգվի կուտակային համակարգի ներդրումը, վարապետը պատասխանեց. «Սպառնալիքներ մենք ամեն կառավարության նիստի ժամանակ լսում ենք, ուշադրությամբ հետևում ենք այդ սպառնալիքներին, տեսնում ենք՝ որքանով է դա իրականության հետ առնչվում, ինչ տեսակարար կշիռ է կազմում, իրական պրոբլեմները որոնք են և, բնականաբար, բոլոր այդ սպառնալիքներին մենք արձագանքում ենք»։

Վարչապետի խոսքով՝ ՏՏ ոլորտը երկնիշ ցուցանիշներով աճում է, և հիմնական խնդիրը, որ կառավարությունը դրել է  իր առջեւ, կադրերի խնդիրն է. ոլորտը պահանջում է ավելի շատ կադրեր:

«Մեր պետական միջոցները ուղղում ենք հենց կադրերի պատրաստմանը, որպեսզի այդ կադրերը հետո ոտքի կանգնեն, բարձր աշխատավարձով աշխատանք ունենան և կատարեն պետության առջև իրենց պարտքը` վճարեն եկամտահարկ»- ասաց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և տարիներ անց տոկոսներով կտրամադրվեն որպես կենսաթոշակ: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պահանջում են օրենքում փոփոխություններ կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ