News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանի մեծ դիտակի արդիականացման աշխատանքների ընթացքում մասնագետների առջեւ ծառացել են տարբեր տիպի խնդիրներ՝ շինարարականից մինչեւ տեխնոլոգիական, որոնք քայլ առ քայլ լուծում են ստացել, երբեմն նաեւ շատ հնարամիտ եղանակներով։  Այսպես, փորձանմուշների ալյումինապտաման ժամանակ օդի մաքրման համար օգտագործվել է Օպել մակնիշի մեքենայի շարժիչի Ֆիլտր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Գալակտիկա» ՖԲԸ-ի տնօրեն Արա Միրզոյանը։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության 2012 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ հենց «Գալակտիկաե ՓԲԸ-ին էր հանձնարարված այս աշխատանքների իրականացումը: Մեկ տարի առաջ հենց այս կազմակերպությունն էր պատրաստել 900 հատ հայելի աշխարհի ամենախոշոր Չերենկովյան աստղադիտարանի համար, որը գտնվում է Նամիբիայում։

Աշխարհում խոշորագույն գամմա-աստղադիտակը տիեզերքի մեջ կմխրճվի հայկական հայելիներով

Ինչպես պատմեց Արա Միրզոյանը, գլխավոր խնդիրը մեծ դիտակի 2,6 մետր տրամագծով հայելու ալյումինապատումն էր, եւ դրա համար հայելին պետք է նախ իջեցվեր դիտակից, տեղափոխվեր արտադրամաս, ալյումինապատվեր եւ վերադարձվեր իր տեղը։ Այս քայլերը իրանականացնելուց առաջ վերանորոգվեց ամբարձիչ կռունկը, որի համար ստեղծվեց նոր կառավարման վահանակ։ Վերանորոգվեց նաև վերելակը, որը նախկինում ընդամենը մեկ անգամ էր  գործարկվել, դա 1983 թվականին էր, երբ  2,6-մետրանոց ապակե հայելին փոխարինվել էր սիտալից պատրաստված հայելիով։ Գմբեթի շարժական եւ կառավարման մեխանիզմը արդիականացնելուց հետո միայն մասնագետները ձեռնամուխ  են եղել բուն խնդրի լուծմանը՝ հայելու ալյումինապատմանը։

«Մամուլում արդեն ասվել է, բայց ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ նախապատրաստական աշխատանքները բավականին երկար տեւեցին, մեկ տարի երեք ամիս, իսկ բուն հայելապատման պրոցեսը, այն է` ալյումինի գոլորշիացման եւ հայելու վրա նստեցման պրոցեսը տեւել է ընդամենը 40 վայրկյան», - ասաց Արա Միրզոյանը:

Ամենակարևոր նախապայմանը եղել է բացարձակ մաքրության ապահովումը։ Հայելին մաքրելու համար օգտագործվել է սպիրտ, սոդա և թորած ջուր:

Ի դեպ, այդ սպիրտի պատմությունը բավական հետաքրքրաշարժ է եղել, քանի որ մոտ 200 լիտր սպիրտ է օգտագործվել, որը ձեռք է բերվել սովորական սուպերմարկետից, ինչը խիստ զարմացրել է Ղրիմից ժամանած գործընկերներին՝Ստիշենկո Նատալյաին եւ Ալեքսանդր Մոսկալենկոյին: Նրանք ընդհանրապես չէին կարող պատկերացնել, որ սովորական խանութում հեշտությամբ կարելի է գնել մաքուր սպիրտ, այն էլ  այդպիսի քանակությամբ։ Դա իրենց համար ֆանտաստիկայի ժանրից է եղել։

Մեքենայի ֆիլտրի անհրաժեշտությունը, Ա. Միրզոյանի պատմելով, առաջացել էր սկզբնական փորձերի ժամանակ, քանի որ արտադրամասը շատ փոշոտ է եղել, իսկ օպտիկայի համար պահանջվում էր բացարձակ մաքրություն, օդը որը թողում էին սկզբից վակուումային խցիկի մեջ, պետք էր ֆիլտրել։ «Օդի ֆիլտր շատ տեղերում է օգտագործվում, իսկ ամենատարածվածը մեքենաների շարժիչներինն է, եւ մենք խցիկի մուտքի վրա տեղադրեցինք գերմանական Օպել մակնիշի մեքենայի ֆիլտր։ Այդ լուծումը Ղրիմի գործընկերներին ևս բավական զարմացրել էր», - պատմեց Արա Միրզոյանը, նկատելով, որ իրականում իրենք նոր հեծանիվ չեն հորինել։

Մյուս տարի նախատեսվում է արդիականացնել Բյուրականի աստղադիտարանի 1-մետրանոց աստղադիտակը, այնուհետեւ երկու կես մետրանոցները, եւ մեկ 40-սանտիմետրանոցը։

Զրույցի ավարտին «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց իր գործընկերներին՝ վակոււմի մասնագետ Ռազմիկ Խոսրովյանին, Աշոտ Վարդանյանին,  ով շատ փորձված եւ հմուտ մասնագետ է ինչպես  օպտիկայի,  այնպես էլ քիմիայի բնագավառում, եւ Վաչագան Էլբակյանին,  ով ներկայումս համակարգչային ծրագիր է գրում դիտակի կառավարման համար։ Ա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կավարտվի 2,6- մետրանոց դիտակի համակարգչային կառավարման ներդրումը։

Անահիտ Սարգսյան

Հայելու հին շերտը մաքրվում է կաուստիկ սոդայով, այնուհետեւ հայելին որոշակի նյութերով փայլեցվում է, մաքրվում է սպիրտով, ացետոնով եւ լվացվում թորած ջրով։

Հայելին այնուհետեւ տեղադրվում է վակուումային խցիկի մեջ, օդը դուրս է մղվում սկզբում մեխանիկական այնուհետեւ դիֆուզիոն պոմպերի միջոցով։ Այդ խցիկի ամբողջ պարագծով փաթաթվում է վոլֆրամի լար, որի վրա հագցվում են 99,9% մաքրությամբ ալյումինի կտորներ։ Տրվում է մեծ ուժով եւ ցածր լարումով հոսանք, ալյումինը հալվում է, հետո շիկանում է, գոլորշիանում եւ հավասարապես նստում հայելու մակերեւույթի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ