News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամբողջական ծավալով դեկտեմբերի 2-ին շահագործման հանձնվեց Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից, թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Հանդիսավոր արարողությանը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետեւել են ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը:

Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի տարածքում շրջայցից հետո  Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է  կայանի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներին էներգաբլոկի լիարժեք շահագործման կապակցությամբ: Իր խոսքում  «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահը, մասնավորապես, նշել է. «Այսօր իսկապես պատմական օր է, քանի որ ստորագրվելու է համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի «Գազպրոմ»-ը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը եւ դառնում է ընկերության լիակատար բաժնետեր: Այսպիսով, «ՀայՌուսգազարդ»-ը ներգարվվում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքում:

Այսօր նաեւ ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարեւոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, եւ Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Գազպրոմ»-ը թիվ մեկ եւ իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, բայց միաժամանակ նաեւ սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: «ՀայՌուսգազարդ»-ը՝ միանալով դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքին, դառնում է լիիրավ ընկերություն իր պարտավորություններով, բայց նաեւ իր իրավունքներով: Մեզ համար շատ կարեւոր այս դուստր ընկերության համար եւս կգործեն բոլոր այն սոցիալական կանոնակարգերը, որոնք առկա են «Գազպրոմ»- ում: Մասնավորապես, դա վերաբերում է նաեւ աշխատավարձերին»:

Իր հերթին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ -Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորելով ներկաներին՝ կարեւորել է Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի եւ կայանի փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլի ավարտը:

«Ցանկանում եմ հատկանշել «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության եւ անձամբ Ալեքսեյ Միլլերի աջակցությունն այս հարցում, ով վստահեց եւ ընդառաջեց մեզ, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն», – ընդգծել է Վ.Հարությունյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել նաեւ բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի եւ նվիրված աշխատանքի շնորհիվ կյանքի է կոչվել լայնածավալ եւ համարձակ մի նախագիծ, որի արդյունքների ականատեսն ենք այսօր:

2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք է բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ շինարարությունն ավարտելու եւ արդիականացնելու պարտավորություններով:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465,2 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը եւ հետեւանքներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետեւողականորեն շարունակել է ծրագրի իրականացումը՝ փոխառու միջոցների ներգրավման հարցում համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ֆինանսական հաստատությունների հետ:

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ  կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների  ջանքերով կայանում կիրառվել է արտադրական  նոր եղանակ` համակցելով  շոգետուրբինային եւ գազատուրբինային տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս 1կՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել  278 գրամ պայմանական վառելիք եւ թույլ է տալիս նվազեցնել ջերմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական նորարությունները «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը պատենտավորելու ուղությամբ, քանի որ հայ մասնագետների կողմից մշակված տեխնիկական լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրների գործընկերների մոտ:

Էներգաբլոկի դրվածքային  հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի եւ շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

2012 թվականի հուվարից կայանը գտնվում էր փորձարարական –արդյունաբերական շահագործման փուլում՝ ներգրավվելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում: 2013 թվականի դեկտեմբերի 2-ից էներգաբլոկը հանձնվել է շահագործման:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված  ծրագրերի հիման վրա իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու գործընթացները,  որոշվել են կայանի գլխավոր նախագծողը սարքավորումների մատակարար-գործարանները, կապալառու եւ թողարկման-կարգաբերման գլխամասային կազմակերպությունները:

Նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման եւ այլ աշխատանքներ կատարելու համար ծրագրի շրջանակում կնքվել է ավելի քան 200 պայմանագիր, որից 67-ը՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ:

«ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ «Հրազդան-5»-ի Տնօրինությունը, իրականացրել է էներգաբլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ վերատեղադրվել է 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշար, 15 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար, վերականգնվել է ներկայանային եւ շինհրապարակին հարակից շուրջ 6 կմ երկարությամբ գերատեսչական երկաթուղին:

Կայանի վերակառուցման եւ արդիականացման համար արտասահմանից «Հրազդան-5»-ի շինհրապարակ են առաքվել 18 հազար տոննա ընդհանուր քաշով ինչպես փոքր, այնպես էլ գերծավալուն տարբեր տեսակի սարքավորումներ՝ 235 երկաթուղային վագոններով եւ 437 հատուկ բեռնափոխադրիչներով:

«Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը եւ կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգեներատոր եւ եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարության ու արդիականացման ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` շինարարական եւ մոնտաժային աշխատանքները տեւել են 2,5 տարի:

Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաեւ Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում «Հրազդան-5»-ի շինհրապարակ է տեղափոխվել 196 տ քաշով  300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել էր դեռեւս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում եւ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում:

Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար առաքվել է նաեւ հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն 400 000 կՎԱ հզորությամբ 220/20 կՎ տրանսֆորմատորը, որն արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում՝ 197 տոննա տրանսպորտային քաշով:

«Հրազդան-5»-ում կառուցվել է 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փող` հաշվարկված 9 բալ սեյսմակայունության համար, որը խոշորագույնն է Անդրկովկասում:

Այն նախատեսված է արտանետվող գազերի արգասիքների համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:

էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքներն իրականացվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Ջերմաէներգաշինմոնտաժ - երրորդ տրեստ» եւ Ռուսաստանի Դաշնության «Ջերմաէներգամոնտաժ» կազմակերպությունների կողմից, որոնք ծանրակշիռ փորձ ու մասնագիտական հեղինակություն են վայելում արտերկրներում:

Էներգաբլոկի 60 օբյեկտներում միաժամանակ իրականացվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 1000 մասնագետ:

Հատուկ ուշադրություն է հատկացվել նաեւ կայանի շահագործող անձնակազմի վերապատրաստմանը: 7 մասնագիտություններով անձնակազմի 52 աշխատակիցներ  վերապատրաստման հատուկ ծրագիր են անցել  Կիրիշսկի ՊՇԷԿ-ում (ՌԴ) եւ Մինսկի ՋԷԿ-ում:

Էներգաբլոկի հիմնական տարրերի համալիր փորձարկման, թողարկման եւ կարգաբերման աշխատանքները իրականացվել են արդեն  մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ:

Կայանում ներդրվել է նոր սերնդի եւ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատացված կառավարման համակարգ, որն ապահովում է կայանի անխափան եւ հուսալի շահագործումը:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռեւս Խորհրդային տարիներին՝ 70-ականների վերջերին: 1984թ. ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտի կողմից մշակվել է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ-ին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց ձեռք բերել ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի թույլտվությունը ` 1989թ-ի դեկտեմբերին 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն. 710 հազար խորհրդային ռուբլի:

Հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-1992թթ-ի ընթացքում «Հրազդան-5»-ի շինարարությունը կանգ առավ: Նորանկախ Հայաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ:

Կարճ ժամանակ անց, 1993թ-ին, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան շարունակելու 5-րդ էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր կնքվեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչեւ 1997թ-ը եւ դարձյալ դադարեցին` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ